«Դաշնակցությունը պորտֆելների, աթոռակռվի խնդիր չունի այսօր». Արմեն Ռուստամյան

«Ոչ, այդպիսի հարց չկա, մենք ընդհանրապես այսօր խնդիր չունենք ժամանակավոր կառավարության մաս կազմել կամ չկազմելու։ Եթե այդպիսի հարց ունենայինք, չէինք էլ դուրս գա։ Մենք այդպիսի հարց երբեք չենք ունեցել։ Դաշնակցությունը պորտֆելների, աթոռակռվի խնդիր չունի այսօր»,- այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի և դաշնակցական պատգամավորների հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՅԴ-ն մաս կկազմի՞ ժամանակավոր կառավարության։

Ըստ նրա՝ ՀՅԴ-ն կոալիցայից դուրս եկավ, քանի որ երկրում ֆորս-մաժորային վիճակ էր ստեղծվել, և կոալիցիոն հուշագիրն այլևս չէր գործում. «Որպեսզի մենք կարողանանք ինքնուրույն մեր կարևորած ծրագրերն ու մարտավարությունն իրականացնել, մենք չենք կարող այն կապի մեջ լինել, որտեղ շատ հստակ գրված է, որ վարչապետի առաջադրման իրավունքը պատկանում է Հանրապետականին։ Որպեսզի մենք սատարենք մեզ համար ընդունելի թեկնածուին՝ ժողովրդի կողմից վստահություն վայելող, նախ պետք է դուրս գայինք այդ հուշագրով ունեցած կաշկանդումից։ Սա է կատարվել շատ հստակ, ուրիշ բաներ այստեղ փնտրել պետք չի»։

Ա.Ռուստամյանի կարծիքով՝ կոալիցիայից դուրս գալը թույլ տվեց, որ ՀՅԴ-ն մտնի այս գործընթացների մեջ, և հետո ժամանակը կգա ու կերևա, որ Դաշնակցությունն այստեղ խաղացել է կարևորագույն, լրջագույն դեր։

Ա.Ռուստամյանը նշեց, որ այսօր մի իրավիճակ է, որ վարչապետի թեկնածուն մեծամասնություն ունի ԱԺ-ից դուրս, և կա մի այլ քաղաքական ուժ, որ մեծամասնություն ունի Ազգային ժողովի ներսում. «Եթե այդ մեծամասնությունը ձայն չտա, չի կարող ընտրվել, պարզ է, չէ՞։ Այսինքն՝ շատ բան կախված է, թե վաղը Հանրապետականն ինչպես կքվեարկի»։

 

Տեսանյութեր

Լրահոս