Բաշար Ասադը հյուրընկալել է սիրիահայ համայնքի ներկայացուցիչներին
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը և իր կինը Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ հյուրընկալել են սիրիահայ համայնքի ներկայացուցիչներին: Ինչպես փոխանցում է «Գանձասար» պաշտոնաթերթը, Ասադի հյուրընկալած պատվիրակությունը կազմված է եղել Հալեպի հայկական համայնքի, մասնավորապես Բերիո Հայոց թեմի մի շարք ներկայացուցիչներից՝ թեմի առաջնորդ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանի գլխավորությամբ: Սիրիայի նախագահի հետ հանդիպմանը մասնակցել են նաև սիրիահայ մի շարք հայրենակցական միությունների ղեկավարներ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ասադը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան ընդառաջ պետք է հանդիպում ունենա Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ժամանակ խոսվել է սիրիական ճգնաժամի անցած տարիներին ու նաև հետագայում՝ Սիրիայի ամբողջական վերականգման ճանապարհին հայ համայնքի կարևոր դերի մասին:
«Հայրենասիրությունը լոկ խոսքերով չի արտահայտվում: Հայրենասիրություն նշանակում է պատկանելիության զգացողություն, հայրենի հողի պաշտպանություն:
Դա նշանակում է, որ մեզնից յուրաքանչյուրն ամենալավ ձևով պետք է իր ներդրումն ունենա այս ամենի մեջ՝ անկախ իր ազգային պատկանելիությունից», – ասել է Ասադը՝ շեշտելով, որ ներկայում իրենց առաջ կանգնած մարտահրավերները ոչ միայն պատերազմի ընթացքում երկրում քանդված ենթակառուցվածքների վերականգնումն է, այլ նաև սիրիական հասարակության ամբողջական վերականգնումը՝ իր ամբողջական բազմաշերտ ու գունեղ հյուսվածքով:
«Այս փուլում անհրաժեշտ է, որ սիրիական հասարակության բոլոր շերտերը համախմբվեն, որպեսզի հասարակության յուրաքանչյուր շերտ իր մեջ փակված չմնա, ընդհակառակը՝ զարգանանք համագործակցելով և զարգացնենք մեր երկիրը: Ես հավատում եմ, որ այս ամենի մեջ հայ համայնքի դերը մեծ է», – ասել է Սիրիայի առաջնորդը: