«Անհնազանդության ելած բազմությունը, ի վերջո, ուզում է հստակ հասկանալ՝ ո՞րն է լինելու այս պայքարի տրամաբանական ավարտը. պետք է բանակցել». Արեն Ապիկյան

Երևանում շարունակվում են վարչապետ Սերժ Սարգսյանի երրորդ կառավարման դեմ ընթացող «Իմ քայլը» նախաձեռնության խաղաղ անհնազանդության ցույցերը: Երեկ վարչապետ Սերժ Սարգսյանի և ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կարճատև հանդիպմամբ չի հաջողվել կանխել լարվածության խորացումը: Միաժամանակ երեկ ձերբակալվել են ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանը, Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը:

Երկրում տիրող իրավիճակի անցնցում հանգուցալուծմանն ուղղված սթափության կոչեր են հնչում ինչպես՝ պատկան մարմինների պաշտոնական հաղորդագրություններում, այնպես նաև՝ քաղաքացիական դիրքորոշում որդեգրած անհատների ուղերձներում:

Ստեղծված իրավիճակի շուրջ 168.am-ը զրուցել է բիզնես-խորհրդատու Արեն Ապիկյանի հետ, ով անդրադառնալով երեկ «Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած բանակցությունների թեմային՝ նկատում է.

«Ճիշտն ասած, երեկ ես բանակցություն չեմ տեսել, փոխարենը՝ տեսա երկու չպատրաստված մարդկանց, ովքեր եկան, նստեցին իրար դեմ դիմաց, իրար ասեցին այն, ինչ ուզում էին ասել, կամ իրենց դիրքորոշումը՝ ստեղծված իրավիճակի շուրջ, և հեռացան: Սա բանակցություն չի, այլ փոխադարձ ուլտիմատումների ներկայացում, որն իմ անձնական կարծիքով՝ բոլորովին անիմաստ դարձրեց այդ հանդիպումը»:

Խոսելով առաջիկայում երկրորդ անգամ բանակցային գործընթաց կազմակերպելու հորդորների մասին՝ պարոն Ապիկյանը նկատում է՝ նախ պետք է լինեն երկու կողմից բանակցությանը պատրաստ բանակցողներ, և, որ դա չպետք է լինեն այնպիսի մարդիկ, ովքեր անձնական լուրջ խնդիրներ և փոխադարձ ատելություն ունեն միմյանց նկատմամբ.

«Ցուցարարների կողմից պետք է լինի լիազորված բանակցող անձ, ով բանակցային սեղանի շուրջ կնստի, այսպես ասած, տնային աշխատանքը կատարած՝ հստակ ներկայացնելով, թե որոնք են իրենց կողմի պահանջները, իսկ իշխանության կողմից պետք է լինի լիազորված անձնավորություն, ով բանակցային սեղանի շուրջ կնստի լսելու պատրաստականությամբ:

Սերժ Սարգսյանը հայտնի է՝ որպես շատ հմուտ բանակցող, և այն, ինչ ես տեսա երեկ իր պահվածքում՝ ինձ, անկեղծ ասած, զարմացրեց: Ընդդիմությունն էլ իր հերթին՝ նոր բանակցող կողմ ընտրելուց առաջ պետք է հաշվի առնի այն փաստը, որ ի դեմս Սերժ Սարգսյանի՝ գործ ունի շատ հմուտ բանակցողի հետ, և բանակցային սեղանի շուրջ պետք է ուղարկի շատ լավ պատրաստված անձի:

Հակառակ դեպքում պետք է արձանագրել, որ ցուցարարների միակ պահանջը Սերժ Սարգսյանի հեռացումն է, և բանակցելու թեմա չկա։ Սերժ Սարգսյանն էլ կշարունակի նստել իր Բաղրամյան 26-ում, և հետո՞: Բանակցել՝ նշանակում է՝ փորձել գտնել մեկ ընդհանուր որոշում, իսկ կողմերը պետք է նստեն ու փորձեն զրույցի միջոցով գտնել այդ հնարավոր ընդհանուր որոշումը: Այլապես բանակցություններն իմաստ չունեն, որովհետև դա դառնում է իրար ներկայացվող վերջնագրեր, որից իրավիճակը, ինչպես արդեն տեսանք, միայն վատացավ»:

Թե ի՞նչ է սպասվում առաջիկա օրերին ստեղծված իրավիճակում, մեր զրուցակիցը դժվարանում է պատասխանել, փոխարենը՝ նկատում է՝ եթե զարգացումները ցուցարարների կողմից շարունակվեն առանց հստակ գործողությունների պլանի, ապա կլինի այն, ինչ միշտ եղել է.

«Նախկին ցույցերից պարզ է, որ իշխանությունը կարողանում է երկար սպասել, իսկ որպեսզի ցուցարարները կարողանան պահել այն էներգիան, որ կա այս օրերին իրենց շարքերում, ապա շարժման այս պահի առաջնորդները պետք է կարողանան հստակ գործողությունների պլան առաջարկել:

Մարդիկ ունեն հատկություն՝ հոգնելու ամեն ինչից: Անհնազանդության ելած բազմությունը, ի վերջո, ուզում է հստակ հասկանալ՝ ո՞րն է լինելու այս պայքարի տրամաբանական ավարտը: Փողոց դուրս եկած մարդիկ պայքարում են իշխանությունների հեռացման համար, իսկ դրան խաղաղ ճանապարհով հասնելու միակ հնարավոր միջոցն այս պահին բանակցություններն են: Հաշվի առնելով իշխանությունների այս օրերի վարքագիծը, այլ կերպ ստեղծված իրավիճակում որևէ նպատակի հասնել խաղաղ ճանապարհով ուղղակի հնարավոր չէ»:

Անդրադառնալով նախօրեին ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանի, Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի ձերբակալության փաստին՝ Արեն Ապիկյանը նկատում է՝ այս քայլով իշխանությունները կատարեցին մեծ սխալ՝ ցուցարարներին դրդելով ավելի հաստատակամ քայլերի, ինչին էլ մենք ականատես եղանք երեկ Հանրապետության հրապարակում հավաքված տասնյակ-հազարավոր մարդկանց տեսքով:

Տեսանյութեր

Լրահոս