«Մի ամբողջ ուրիշ զանգված կա, ովքեր այդպես չեն մտածում, և հարկավոր է հարգել նրանց կարծիքը». Ռոբերտ Ամիխանյանը՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնության մասին

Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների, երկրում տեղի ունեցող իրողությունների մասին «Ազատություն» ռադիոկայանը զրուցել է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիխանյանի հետ.

«Մեզ մոտ առաջացել են որոշակի լարվածություններ, որոնց մեջ կան և՛ անհանգստացնող բաներ, և՛ երևույթներ, որոնք մեզ գոհացնում են, որովհետև, եթե մարդն անդրադառնում է իր անցած ճանապարհին և տեսնում, թե ինչ հնարավորություններ կային, որոնցով ինքը կկարողանար ավելի կատարյալ կյանքով ապրել, դա մշտական անհրաժեշտ հարց է դառնում, բայց այսօր հարցը նրանում է, թե ի՞նչ քաղաքակիրթ ձևով մենք պետք է շարունակությունը գտնենք, որովհետև միայն զգացմունքային ճանապարհը շատ թերի ճանապարհ է:

Մեզ հարկավոր է ունենալ բանականության մոտեցումները և խելացիորեն խոսել այն մասին, թե ի՞նչ է մեր կյանքը, և ո՞րն է մեր անելիքները: Լիքը թշնամի ունենք մեր շուրջը, ովքեր սուսուփուս սպասում են, թե ի՞նչ է լինելու այսօր»:

Լրագրողի այն դիտարկմանը, որ փողոց դուրս եկած մարդիկ ցանկանում են, որպեսզի Սերժ Սարգսյանը չպաշտոնավարի՝ որպես վարչապետ, Ռոբերտ Ամիխանյանը պատասխանում է. «Մի ամբողջ ուրիշ զանգված կա, ովքեր այդպես չեն մտածում, և հարկավոր է հարգել նրանց կարծիքը»: Ըստ կոմպոզիտորի՝ պետք է երկխոսության նստել, որտեղ կքննարկվի, թե ինչո՞ւ և ի՞նչ պետք է արվի մեր հետագա կյանքի մեջ:

Դիտարկմանը, թե օրեր շարունակ ոստիկանությունը մայթերից և փողոցներից բերման է ենթարկում ցուցարար երիտասարդների, և, թե ինչպե՞ս ինքը կգնահատեր այս գործողությունները, Ռ. Ամիրխանյանը պատասխանում է.

«Ընդհանուր առմամբ, որպես սկզբունք՝ կգնահատեի օրինակելի: Ոչ մի եվրոպական երկրում նման իրավիճակում այսպիսի կարգապահ ոստիկանություն չեք տեսնի»:

Անդրադառնալով վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման նկատմամբ  սեփական ցանկությանը, Ռոբերտ Ամիրխանյանը նկատում է՝ ինքը հավատում է Սերժ Սարգսյանին՝ որպես վերին աստիճանի նվիրված անձնավորության.

«Եթե պատմական ընթացքների մեջ լինեք, կիմանաք, թե ի՜նչ բաների միջով է նա անցել, և առհասարակ ես հավատով եմ վերաբերվում մարդ արարածին՝ մշտապես մտածելով, որ կարելի է գտնել անելիքը, իսկ կատեգորիզմը և ուղղակի մեղադրական մոտեցումն այնքան էլ շնորհակալ ճանապարհ չէ: Հարկավոր է հավատալ: Երբ ինձ հարցնում են՝ ինչպե՞ս ես, պատասխանում եմ՝ եթե հավատում ես, ուրեմն լավ եմ»:

Տեսանյութեր

Լրահոս