«Ինքս էլ երկխոսության կողմնակից եմ. ԱԺ փայլեցրած երեսներով կանայք, հաստավիզ և հաստակախ թշերով պարոններն այս ի՞նչ են անում այս ժողովրդի գլխին». Դավիթ Գասպարյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել երկխոսության կոչով՝ բանակցային սեղանի շուրջ հրավիրելով «Իմ քայլը» շարժման առաջնորդներին:

Միաժամանակ այսօր մի քանի ժամյա այցով Հայաստան էր ժամանել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, նախագահի և վարչապետի հետ հանդիպումների ընթացքում մտահոգություններ հայտնելով այս օրերին հանրապետությունում բողոքի արտահայտման զանգվածային միջոցառումների ՝ տեղի ունեցող հավաքների , երթերի և, առհասարակ, ստեղծված իրավիճակի կապակցությամբ:

Այս օրերին երկրում զարգացող իրողությունների, ինչպես նաև հնչեցված երկխոսության առաջարկի վերաբերյալ 168.am-ը լսեց գրականագետ Դավիթ Գասպարյանի տեսակետը.

«Այն, ինչ կատարվում է վերջին օրերին մեր հանրապետությունում, երկիրը վատ կառավարելու անխուսափելի հետևանքն է: Հասցրին նրան, որ դարձան հակաժողովրդական, ու ժողովուրդը դուրս եկավ այս ամենի ու նրանց դեմ: Կարծես ողջ երկիրն աշխատում և հարկեր է վճարում մի կոնկրետ վերնախավի բարօր կյանքի համար:

Ազգային ժողովի փայլեցրած երեսներով կանայք, հաստավիզ և հաստակախ թշերով պարոններն այս ի՞նչ են անում այս ժողովրդի գլխին: Անդրադառնալով երկխոսության սեղանի շուրջ նստելու նախագահի կոչին, պետք է ասեմ՝ ես ինքս էլ երկխոսության կողմնակից եմ, բայց ոչ թե խոսք ասելու ու լռելու, լսելու ու ոչինչ չանելու, այլ ճիշտ պայմանավորվածություններով արդյունավետ քննարկում ծավալելու, որովհետև չի կարելի և շատ վտանգավոր է երկիրն ու ժողովրդին այսպիսի պայթյունավտանգ իրավիճակում օրեր շարունակ պահել:

Երկխոսության սեղանին պետք է դրվեն երկրի անվտանգության, տնտեսության, գիտության և կրթության, առողջապահության և մշակույթի ոլորտները, կարճ ասած՝ համակարգային խնդիրներ, որոնք վաղուց լուծման կարիք ունեին և չգտնելով այդ լուծումները՝ երկիրը հասցրեցին այսպիսի օրի»:

Անդրադառնալով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հայաստանյան այցին, Դավիթ Գասպարյանը նկատում է՝ լավ է արել, որ եկել է, որովհետև նա ոչ միայն արդար ոգու պաշտպանն է, այլև համարձակ խոսք ասող արժանապատիվ մարդ, որ կարող է մասնակից դառնալ մեր երկրի վերազարթոնքին:

Տեսանյութեր

Լրահոս