Բաժիններ՝

«Ես եմ հրահանգել, որպեսզի հանվեն պատերին փակցված բացառապես բոլոր լուսանկարները». պարզաբանում է «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրենը

Նախորդ օրվանից սկսած մամուլում և սոցիալական ցանցերում տեսանյութերի և կոչերի տեսքով տեղեկատվություն է տարածվում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» նախաձեռնության խաղաղ անհնազանդության հանրահավաքներին է միացել նաև Հայաստանում գործող էլեկտրոնային ավտոմատացված նախագծման արդյունաբերության ամենամեծ ընկերություններից մեկը՝ «Սինոփսիս Արմենիան»:

Տարածված տեսանյութերից մեկում պատկերված էր, թե ինչպես են ընկերության աշխատասենյակների պատերից հանվում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ բոլոր լուսանկարները, իսկ ընկերության աշխատակիցներից մեկը գործընկերների և ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի ներկայությամբ հայտարարում էր այն մասին, որ իրենց կարծիքով՝ ընկերությունում Սերժ Սարգսյանի լուսանկարները ստվեր են գցում իրենց կատարած աշխատանքի վրա:

168.am-ը այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն և տեղում զրուցել ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի հետ

 – Պարոն Մուսայելյան, երեկվանից համացանցում տեղեկություններ կան այն մասին, որ «Սինոփսիս Արմենիա» ընկերության աշխատակիցներից շատերը միացել են այս օրերին քաղաքում անցկացվող «Մերժիր Սերժին» նախաձեռնությանը, և գրասենյակի պատերից հանվել են Սերժ Սարգսյանի կամ նրա մասնակցությամբ լուսանկարները: Այս տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ:

– Մասամբ՝ այո, համապատասխանում է: Հիմա ես ուզում եմ վերարտադրել ողջ իրականությունը, որին ներկա են եղել ընկերության 100-ից ավելի աշխատակիցներ: Այն բանից հետո, երբ ինձ հայտնեցին, որ մեր աշխատակիցներից ոմանք պահանջում են, որպեսզի մեր ընկերության ֆոտոգալերեայից հանվեն այն նկարները, որտեղ պատկերված է վարչապետ Սերժ Սարգսյանը, ես մոտ 40 րոպեից ավելի տևողությամբ հանդիպում ունեցա նրանց հետ՝ ասելով, որ որևէ մեկի նկարը մեզ մոտ առանձին պատկերված չէ, այդ թվում՝ ինչպես երկրի ղեկավար մարմիններից որևէ մեկի, այնպես էլ՝ հենց ընկերության ղեկավար կազմից որևէ մեկինը:

Պետք է տեղեկացնեմ, որ այստեղ՝ «Սինոփսիս» ընկերությունում, տարբերի տարիներին մենք հյուրընկալել ենք երկրի նախագահներից սկսած՝ ընդհուպ մինչև նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին, ով արդեն իսկ հասցրել է լինել մեր ընկերության հայաստանյան և նաև արտասահմանյան գրասենյակներում: Այսինքն՝ ես ուզում եմ, որ մենք հստակ տարբերակում դնենք այստեղ պատկերված լուսանկարների բուն բովանդակության վրա, հատկապես այն ֆոնին, երբ վերջին օրերին երկրում բանավեճեր են ընթանում, թե որքանո՞վ է նպատակահարմար այս կամ այն հաստատությունում շարունակել պահել Սերժ Սարգսյանի լուսանկարը:

Մեր ընկերությունը որևէ տեսակի քաղաքականությունից դուրս է, և անհեթեթ է, որպեսզի մենք քաղաքական նկատառումներով ինչ-որ մարդկանց առանձին նկարներ փակցնենք ընկերության պատերին:

Մեր ընկերության ֆոտոգալերեան ստեղծվել է այստեղ ժամանող հյուրերին «Սինոփսիս Արմենիայի» անցած ուղուն ծանոթացնելու համար, թե ինչ ճանապարհ ենք մենք անցել անցած 15 տարիների ընթացքում: Հետևաբար, մեր երկրի նախագահներից երեքը՝ և՛ ներկայիս նախագահը, և՛ նախորդ երկուսը հյուրընկալվել են այստեղ, և բնական է, որ մենք ունենք նրանց հետ արված խմբակային լուսանկարներ: Խոսքն այս լուսանկարների մասին էր: Այսինքն, ընկերության որոշ աշխատակիցներ ցանկանում էին հանել այս ֆոտոգալերեայից բոլոր այն լուսանկարները, որտեղ պատկերված է եղել Սերժ Սարգսյանը, որը, ի դեպ, եղած բոլոր լուսանկարների 5 տոկոսն էր իրականում:

– Ինչպե՞ս արձագանքեցիք դուք երիտասարդների այդ ցանկությանը:

– Ես ասացի, որ չեմ կարծում, թե մեր ընկերությունն այն տեղն է, որտեղ մենք կոնկրետ նկատառումներով պետք է քաղաքական ակցիաներ կազմակերպենք և անցկացնենք: Ես եմ հրահանգել, որպեսզի հանվեն պատերին փակցված բացառապես բոլոր լուսանկարները, որտեղ պատկերված են ոչ միայն այստեղ ժամանած մեր հյուրերի, այլ անգամ ծառատունկերից արված լուսանկարները, և տեղյակ եմ պահել նաև, որ առաջիկայում մենք պատրաստվում ենք որոշակի վերանորոգման աշխատանքների և միայն դրանից հետո միասին կորոշենք, թե ինչ նկարներ է պետք փակցնել կամ չփակցնել:

Ուզում եմ տեղյակ պահել, որ մեր աշխատակիցները նկարներ չեն հանել, դրանք հանվել են անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից՝ իմ հրահանգով: Միաժամանակ մեր ընկերության աշխատակիցներին տեղյակ եմ պահել, որ մենք մշտապես աշխատել ենք ՀՀ կառավարության հետ, և մեր ընկերության համար շատ կարևոր է եղել Կառավարության մոտեցումները, և շարունակելու ենք աշխատել, քանի որ մենք նախաձեռնել և իրականացնում ենք տարաբնույթ միջոցառումներ, որոնք միտված են երկրում ՏՏ ոլորտի զարգացմանը:

Այս համատեքստում շատ բնական է, որ մենք պետք է շարունակենք շփվել կառավարության անդամների հետ: Եթե ինչ-որ մեկին դա դուր չի գալիս, ուրեմն դա իր խնդիրն է: Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մեր Կառավարությունը կանխատեսելի լինի և արժևորի ՏՏ ոլորտի զարգացումը երկրի տնտեսական զարգացման ընդհանուր կոնտեքստում:

Ի՞նչ պահանջներ էին ներկայացնում բողոքող աշխատակիցները, այսինքն՝ ինչպե՞ս էին նրանք հիմնավորում իրենց այդ ցանկությունը՝ ընկերության պատերից հեռացնելով Սերժ Սարգսյանի մասնակցությամբ բոլոր լուսանկարները:

Նրանք ասում էին, որ վերջին օրերին երկրում զարգացող թեժ ակցիաների ֆոնին սա էլ իրենց քաղաքացիական պարտքն է, իրենց բողոքի ակցիան, որով իրենք ցանկություն են հայտնում միանալու շարժման ընթացքին, և, որ երկրում ընթացող նման զարգացումների ֆոնին պատեհ չէ, որպեսզի այդ լուսանկարները շարունակեն կախված մնալ մեր ընկերության պատերից:

– Ձեր աշխատակիցներից մեկը, կարծեմ հենց ձեր ներկայությամբ, երեկ հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի նկարները ստվեր են գցում իրենց կատարած աշխատանքի վրա:

Իհարկե, ես այդ բնորոշման հետ համամիտ չեմ, որովհետև մենք տարիներ շարունակ նախաձեռնել և ֆինանսավորել ենք նախագահական ամենամյա տարբեր մրցույթներ, և բնական է, որ երկրի ղեկավարությունն այդ մրցույթների իրականացման գործում այս կամ այն կերպ սատարել է մեզ: Այսինքն, մենք նախկին նախագահի հետ տարիներ շարունակ միասին աշխատել ենք, և, եթե մի քանի օրվա ընդվզումն ինչ-որ մեկի կարծիքով՝ ստվեր է գցում, ուրեմն դա նույնպես միայն իր կամ իր կողքին կանգնած որոշ մարդկանց կարծիքն է, դա ընկերության կարծիքը չէ:

 – Ինչպե՞ս եք դուք՝ որպես ընկերության ղեկավար, մոտենում նման իրավիճակին, ի վերջո, ընկերության յուրաքանչյուր աշխատակից իրավունք ունի ունենալու և ազատորեն արտահայտելու իր սեփական կարծիքն ու դիրքորոշումը, ինչպես նաև քաղաքացիական կեցվածքը:

 – «Սինոփսիս Արմենիան» վերազգային, համաշխարհային առաջատար ընկերություն է և ունի իր որդեգրած արժեքները: Կարծում եմ, որ ընկերության բոլոր աշխատակիցները՝ սկսած ղեկավարից, առաջին հերթին պետք է դավանեն հենց այդ արժեքներին: Դրանք հիմնականում միտված են մեր աշխատակիցների անվտանգության պահպանությանը, պետությունը կանխատեսելի լինի՝ որպես տեխնոլոգիական նորարարական լուծումներ դավանող երկիր, ինչպես նաև երկրի ներսում պաշտպանված լինի ընկերության մտավոր սեփականություն հանդիսացող արտադրանքը:

Ընկերությունը բացարձակապես քաղաքականացված չէ: Մեր ընկերության տարբեր աշխատակիցներ տարբեր կուսակցությունների, խմբակցությունների և միությունների անդամներ են: Որևէ մեկն այսքան ժամանակ որևէ մեկին չի հարցրել կամ ասել, թե՝ ինչո՞ւ ես դու դավանում այս կամ այն համոզմունքի: Չի եղել բան: Տվյալ դեպքում մեր աշխատակիցներից շատերի մոտ դժգոհություններ կան, և ես դա հասկանում եմ: Միաժամանակ ես ցանկանում եմ նաև տարբերակումներ դնել այդ դժգոհությունների առումով, որովհետև մեր աշխատակիցներն այն քաղաքացիները չեն, ովքեր դժգոհում են աշխատատեղերի բացակայությունից կամ աղքատության ցուցանիշներից:

– Իսկ ինչի՞ց են նրանք դժգոհում:

Նրանք ուզում են ունենալ շատ ավելի կանխատեսելի երկիր և ապրել ավելի արդար պետության մեջ, ցանկանում են, որպեսզի իրենց երեխաներն ավելի բարեկեցիկ կյանքով ապրեն, նաև ուզում են, որպեսզի կառավարության ընդունած օրենքները միտված լինեն իրենց կենսամակարդակի բարձրացմանը:

Օրինակ, եկամտահարկի վերաբերյալ վերջին օրենքը բոլորովին իրենց կենսամակարդակի բարելավման օգտին չէ, այլ ճիշտ հակառակը: Սա բարձր վարձատրվող աշխատանք է, և հարկային դաշտում բացառապես թափանցիկ և մաքուր ոլորտ է, և եթե եկամտահարկի դրույթի բարձրացման օրենքներ են ընդունվում, բնական է, որ դա բացասաբար է ազդելու մարդկանց կենսամակարդակի բարձրացման վրա, և սա արդեն բողոքելու առիթ է:

Տեղեկացնենք, որ «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում ասվում է. ««Սինոփսիսը», լինելով վերազգային ընկերություն, որի գլխամասային գրասենյակը տեղակայված է Սիլիկոնային Հովտում, կրում է և հետևողականորեն հավատարիմ է իր արժեքներին և բիզնես նպատակներին, որոնք բացարձակապես կապ չունեն որևէ երկրում քաղաքական գործընթացների հետ։

Միևնույն ժամանակ «Սինոփսիսն» ընդունում է իր աշխատակիցների ազատ կամքի դրսևորման իրավունքը, գտնելով, որ նրանք ազատ են արտահայտելու իրենց քաղաքացիական դիրքորոշումներն ու առաջնայնությունները։ «Սինոփսիսը» լիահույս է, որ վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներն ու ակցիաները չեն խաթարի ընկերության բիզնեսի բնականոն ընթացքը և իր աշխատակիցների անվտանգությունը, ինչի ապահովումը միշտ եղել և մնում է ընկերության գերակա առաջնահերթություն»։

«Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի հետ հանդիպումն ավարտվեց պայմանավորվածությամբ, որ առաջիկայում «168 Ժամը» կանդրադառնա նաև «Երևան խելացի քաղաք» նախաձեռնության մանրամասներին (Հովիկ Մուսայելյանը հանդիսանում է նաև քաղաքապետարանի «Երևան խելացի քաղաք» հանձնաժողովի ղեկավարը), որը, ըստ վերջինիս, շատ լավ հնարավորություն է իր ունեցած փորձն ու գիտելիքները ներդնելու՝ տեսանելի ապագայում նորարարական լուծումներով քաղաք ունենալու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս