«Սա ահազանգ է՝ ուղղված իշխանություններին». Դավիթ Գասպարյան

Այսօր վաղ առավոտից շարունակում են փակված մնալ Երևանի կենտրոնական փողոցները, խափանումներով է գործում նաև քաղաքային մետրոն:

Ստեղծված իրավիճակի շուրջ 168.am-ը զրուցեց գրականագետ Դավիթ Գասպարյանի հետ. «Ժողովրդի դժգոհությունը արտահայտման տարբեր ձևեր է որոնում: Հիմա մենք կանգնած ենք մի իրողության առջև, որն ամենևին էլ ցանկալի չէ՝ փակել ճանապարհները, կաթվածահար անել քաղաքի տրանսպորտային համակարգը, քաղաքը պետք է նորմալ, բնականոն հունով աշխատի, բայց հիմա մարդկանց մի մեծ խումբ իրենց դժգոհությունն արտահայտում են այս ձևով, և սա ահազանգ է՝ ուղղված իշխանություններին, որ մեր երկրում ամեն ինչ չէ, որ կարգին է, և այդ ահազանգը մարդիկ տարբեր ձևերով փորձում են հասցնել տեղ:

Ես այն կարծիքին եմ, որ մեր ղեկավարությունը պետք է ականջ դնի ժողովրդի քայլին, ոչ թե հիանա իր շուրջ հավաքված մի խումբ մարդկանց և հատկապես որոշ մտավորականների քծնախոսությամբ, այլ լսի գործնական խոսակցություններ, որ ուղղված են երկիրը հանելու այս ծանր կացությունից:

Մեր առջև ծառացած առաջնային խնդիրներն են՝ ահագնացող արտահոսքի կասեցում, տնտեսական վիճակի բարելավում, հայ մարդն իր երկրում պետք է աշխատանք և արժանապատիվ կյանք ունենա, և երրորդ՝ պետք է առողջացնել այս երկրի բարոյական միջավայրը»:

Անդրադառնալով նրան, որ ստեղծված իրավիճակի նպատակը վաղվա Ազգային ժողովում կայանալիք վարչապետի ընտրությունների խափանումն է, Դավիթ Գասպարյանն ասաց՝ հարցերը պետք է լուծել երկխոսության սեղանի շուրջ, հնարավորիս բացառելով ժողովրդի հետ բախումները, որոնք անդառնալի հետևանքներ կարող են ունենալ:

Տեսանյութեր

Լրահոս