«Գերտերությունների կողմից ռազմական ուժի կիրառման ռեալ վտանգ կա. մեզ համար այդ իրավիճակն անընդունելի է». Հայկ Քոչարյան

ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանի կարծիքով՝ սիրիական հարցի շուրջ շատ տարօրինակ իրավիճակ է ստեղծվել Մերձավոր Արևելքում։ «Թվում է, թե նախորդ տարիների անկայուն վիճակն ավելի կայուն էր, քան հիմա կարող է լինել։ Այս պահին լարվածությունը շատ բարձր մակարդակի է, սիրիական հակամարտության պատմության մեջ վերջին տարիների միակ իրավիճակն է, երբ գերտերությունների կողմից ռազմական ուժի կիրառման ռեալ վտանգ կա՝ առանց հաշվի նստելու մյուս կողմի հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց արաբագետը։

Քոչարյանը նշեց, որ ֆորմալ սրացման համար հիմք հանդիսացան Դումայի հատվածում քիմիական զենքի օգտագործման մեղադրանքները, որտեղ ռուսական կողմը հերքեց, որ նման բան է տեղի ունեցել, բայց արևմտյան կոալիցիան՝ ԱՄՆ-ի ղեկավարությամբ, շարունակում է  պնդել, որ նման բան տեղի է ունեցել.

«Եվ արդեն էական չէ, դա եղե՞լ է, թե՞ ոչ, խոսվում է հետևանքների վերացման մասին։ ԱՄՆ-ին միացան Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, որոնք ասացին, որ կմասնակցեն հավանական ռազմական գործողությանը։ Երեկ երեկոյան Անվտանգության խորհրդի երկու բանաձև էր դրված՝ քիմիական զենքի հետ կապված, մեկը ԱՄՆ-ն էր առաջարկում, մյուսը՝ Ռուսաստանը։ Դրանց տարբերությունն այն էր, որ ԱՄՆ-ի բանաձևը կոչ էր անում պարզել, թե ով է մեղավոր, իսկ ռուսական բանաձևը նման պահանջ չուներ։ Վետո կիրառվեց ՌԴ-ի կողմից, և փաստացի վիճակը չհանգուցալուծվեց անգամ այդ քաղաքական դաշտում։

Այս ամբողջն ավելի լարվեց, երբ ռմբակոծվեց Դեր Զորի մոտակայքում գտնվող ռազմաբազան, որի փաստացի մեղադրանքն ուղղվեց Իսրայելին, որը կազմակերպել էր դա։ Բացի նրանից, որ դա ահաբեկչության դեմ պայքարի հիմնական կետն էր, այլև Իսրայելի հատվածը հիմնականում ուղղված էր իրանական ենթակառուցվածքների ներկայությունը թուլացնելուն, որովհետև այնտեղ էին կենտրոնացած իրանական անօդաչու սարքերը։ Այսինքն՝ սա ֆորմալ կապ չունի քիմիական զենքի կիրառմանն արձագանքելուն, այլ Իսրայելը, իր շահերից ելնելով, հարմար պահն օգտագործեց՝ թուլացնելու իրանական ազդեցությունը Սիրիայում»։

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, անդրադառնալով սիրիական Դումա բնակավայրում տեղի ունեցած ենթադրյալ քիմիական հարձակմանը, խոստացել է պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին։ Թրամփը մանրամասնել է, որ 48 ժամվա ընթացքում ինքը որոշում կկայացնի քիմհարձակմանն ի պատասխան՝ սիրիական կառավարական զորքերի նկատմամբ ռազմական ճնշում գործադրելու հարցով:

Քոչարյանը վստահ է՝ ԱՄՆ-ի կողմից արձագանք լինելու է, թեև Թրամփի նշած 48 ժամն արդեն լրանում է, պարզապես այդ արձագանքի ձևն ու բովանդակությունը ճշտման փուլում է։

«Ցանկացած լարում տարածաշրջանում և Սիրիայում անմիջապես անդրադառնալու է մեզ վրա, որովհետև, եթե նայում եք այն հաղորդագրությանը, թե ինչն է թիրախավորվելու արևմտյան կոալիցիայի կողմից, դրանք հիմնականում օդանավակայաններն են, օդային ուժն է։ Սա միակ առավելությունն էր, որ ուներ Սիրիայի կառավարությունը՝ հակաահաբեկչական պայքարում։ Այսինքն՝ զրկելով սիրիական իշխանական ուժերին այս առավելությունից, բավականին հետ կվերադառնանք։ Կարող է ստեղծվել իրավիճակ, որ ահաբեկչական խմբերը նորից կոնսոլիդացվեն, նորից սկսվի նոր՝ երկրորդ ռաունդը։ ԱՄՆ-ի ակտիվ գործողությունները հնարավոր է դարձնում նաև այն հանգամանքը, որ Թրամփը հայտարարեց՝ ահաբեկչության դեմ պայքարը համարում են ավարտված, բայց վերադառնում են այն պահանջին, որ Ասադը չպետք է լինի իշխանության»։

Սիրիայի ամբողջ տարածքում գործող տարբեր դեէսկալացիոն գոտիները, ըստ նրա՝ կարող են վերածվել ռազմական բախումների դաշտի. «Այսինքն՝ կվերադառնանք մի քանի տարի առաջ ստեղծված իրավիճակին։ Մեզ համար այդ իրավիճակն անընդունելի է, որովհետև կա հայկական համայնք, որն այնտեղ ապրում էր, ինտեգրված էր, որն այսքան տարիների զրկանքներից հետո դեռ այնտեղ է, և անվտանգ է կենտրոնական իշխանությունների ներքո»։

Տեսանյութեր

Լրահոս