Ինչպես կիսել Ազատության հրապարակը

Սերժ Սարգսյանի՝ երկրի ղեկավարման երրորդ ժամկետի դեմ պայքարելու նպատակով միանգամից 3 տարբեր ուժեր նախատեսում են հաջորդ շաբաթվանից գրեթե նույն օրերին Ազատության հրապարակում միջոցառումներ իրականացնել: Երևանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծանուցումը՝ Ազատության հրապարակում ապրիլի 13-17-ն անընդմեջ, «Երկիր Ծիրանի» կուսակցության ծանուցումը՝ ապրիլի 9-11-ին ու 17-21-ը, և «Հանուն Հայաստան պետության ճակատի» հայտը՝ ապրիլի 2-20-ը հանրահավաքներ և երթեր իրականացնելու մասին։

Թե ինչպե՞ս են համատեղելու այս ուժերը նույն օրերին հրապարակում միջոցառումներ իրականացնելը, դեռևս պարզ չէ։

«Քաղաքացիական պայմանագիրը» դեռ չի քննարկել հրապարակում տարբեր ուժերի միաժամանակ գտնվելու հարցը և հստակ տեղեկություն չունի` ովքեր և որ օրերին են հայտ ներկայացրել։

ՔՊ վարչության անդամ Արայիկ Հարությունյանը «168 ժամի» հետ զրույցում նշեց, որ սովորաբար, երբ մի քանի ուժեր հայտ են ներկայացնում, քաղաքապետարանը բավարարում է դրանք, և քաղաքական ուժերն իրենք պետք է համակարգեն իրենց գործողությունները տեղում. «Երբ ունենանք ցանկը, թե որ ուժերն են այդ օրերի համար հայտ ներկայացրել, կքննարկենք և արդեն կունենանք պատասխանը, թե ոնց ենք գործելու։ Իհարկե, որոշ բանակցություններ պետք է վարենք, որ ամեն ինչ կարգին անցնի։ Մենք էլ բավականին շատ տարբեր օրերի համար հայտեր ենք ներկայացրել, բայց միջոցառումներ կանցկացնենք այն օրերին, երբ մեզ հարմար է։ Գուցե մյուս ուժերն էլ նման տակտիկայով են վարվում։ Ամեն դեպքում, կբանակցենք, կարծում եմ, որ խնդիր չպետք է առաջանա»։

Հարցին, թե հաշվի առնելով, որ ըստ էության նույն նպատակի համար է պայքարը, հնարավո՞ր է ուժերը միատեղել, Ա.Հարությունյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, ամեն ուժ իր նախապայմանն է առաջ քաշում, դա միայն բանակցություններով կարող է լուծվել կամ չլուծվել։ Այդ հարցը չենք քննարկել, որ կարողանամ պաշտոնական դիրքորոշում հայտնել»։

Նա նշեց, որ ապրիլի 13-ին ՔՊ-ն հանրահավաք կանցկացնի, և որքան մարդ հավաքվի այդ օրը, ըստ այդմ` գործողություններ կիրականացնեն. «Մենք գործողությունների պլաններ ունենք մարդկանց ցանկացած քանակի հանահավաքի համար, բայց ես վստահ եմ, որ մենք այդ օրն ունենալու ենք լեփ-լեցուն հրապարակ»։

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը խնդիր չի տեսնում, որ Ազատության հրապարակում իրենց հետ միաժամանակ միջոցառումներ են նախատեսել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու «Հանուն Հայաստան պետության» ճակատը։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ օրենքի պահանջն է, որ նույնիսկ հակադիր ուժեր կարող են նույն տեղում, նույն օրը, նույն ժամին հավաք իրականացնել։

«Ես չեմ կարծում, որ որևիցե խնդիր կա այս հարցում։ Եվ ես չեմ կարծում, որ հրապարակը կիսելու խնդիր կարող է առաջանալ։ Հրապարակը բոլորինն է, և ՀՀ-ում հրապարակները պետք է ներառող լինեն։ Ցանկալի է, որ բոլոր հրապարակներն այդ օրերին լինեն լեցուն»,- ասաց Զ.Փոստանջյանը՝ հավելելով, որ իրենք նախատեսել են միջոցառումներ իրականացնել ոչ միայն՝ Երևանում, այլև՝ Գյումրիում, Վանաձորում և Կապանում, և գտնում են, որ այդ քաղաքական միջոցառումները պետք է լինեն ներառող, այսինքն՝ ներառեն հարավը, հյուսիսը և կենտրոնը։

Զ.Փոստանջյանը նշեց, որ մյուս ուժերից ոչ մեկի հետ ոչ մի հարց չեն քննարկել, այդ թվում՝ չեն քննարկել ուժերը միավորվելու հարցը. «Մենք կարող ենք բոլորի հետ խոսել, քննարկումներ ու խորհրդատվություններ անցկացնել՝ մեր ծրագրից ու գաղափարախոսությունից ելնելով։ Մենք պայքարում ենք ոչ թե՝ միայն Սերժ Սարգսյանի, այլ՝ համակարգի դեմ։

Շատ կարևոր է, որպեսզի ընդգրկուն շարժում լինի՝ ոչ միայն Սերժ Սարգսյանին ներառող, ոչ միայն՝ ընդդիմություն-իշխանություն հասկացությունների մեջ, այլ գոյություն ունի ռեժիմ, և կա ազգային շարժում, այս տիրույթում պետք է դիտարկենք մեր գործողությունները, և մեր ծրագիրն էլ այս տիրույթում է կազմված»։

Զ.Փոստանջյանի կարծիքով՝ եթե այլ հրապարակներում մարդկանց ներկայությունն ու քաղաքական պահանջը չլինի, ապա պայքարը չի կարող ունենալ այն հաղթանակը, որ բոլորն են ակնկալում. «Մենք աշխատում ենք, որքան լավ աշխատենք, այնքան հաջողությունն ավելի մոտ կլինի, հաղթանակը շուտ կարձանագրենք։ Կարևոր չէ՝ մարդիկ շատ են, թե քիչ, կարևոր է, որ մարդիկ դուրս են գալիս փողոցներ գաղափարի շուրջ, ոչ թե ուղղակի ինչ-որ մի կարգախոսի ներքո։

Գաղափարը շատ կարևոր է, որովհետև այն ամենը, ինչ տեղի է ունենում գաղափարի ներքո, դա մշտապես ունենում է հաղթանակ։ Դա տեսել ենք 30 տարի առաջ Արցախյան շարժման ժամանակ։ Իսկ երբ բոլոր հրապարակները լեցուն էին որոշ քաղաքական իրադարձություններից հետո, և ընդդիմություն-իշխանություն պայքարի տիրույթում էր, այդ հրապարակները, թեև մարդաշատ էին, բայց արագ դատարկվում էին։ Միայն իշխանափոխության պահանջը քիչ է, պետք է գնալ համակարգային փոփոխության, պետք է համախմբվել՝ հանուն ազգային շարժման և ապազգային համակարգի դեմ տիրույթում»։

«Հանուն Հայաստան պետության» ճակատի հիմնադիրներից Արմեն Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում կատակեց. «Կավիճով գծելու ենք, կիսենք հրապարակը»։

Ա. Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ այս պահին «Երկիր Ծիրանիից» որևէ տեղեկություն չունի, իսկ ՔՊ-ի հետ բանակցում է իր գործընկեր Պետրոս Մակեյանը։ Նրա խոսքով՝ «Մերժիր Սերժին» նախաձեռնության հետ բոլոր տեսակի գործակցություն կա, միասին քննարկում են իրականացում, համաձայնեցնում միմյանց գործողություններ, նաև միասնական գործողություններ են նախատեսվում։

Ա. Մարտիրոսյանի կարծիքով, նույն նպատակի շուրջ ուժերի միավորումը հաջողության գրավականն է. «Ի սկզբանե հայտարարել ենք, «Ժառանգության» մոտեցումը միշտ է եղել, որ միասնական գործողություններ է պետք իրականացնել, և այդ ուղղությամբ էլ «Ժառանգությունը» միշտ աշխատել է, այդ սկզբունքային մոտեցումը հիմա էլ է շարունակվում։ «Հանուն Հայաստան պետության» ճակատն էլ է ասել, որ միասնական գործողությունների անհրաժեշտություն կա, և ակնհայտ է դա բոլորի համար, որովհետև հասարակությունը հենց դա է պահանջում և այդ դեպքում կարող է ակտիվ մասնակցել պրոցեսներին։ Հաջողության հասնելու համար հարկավոր է միասնականություն և հետևողական պայքար»։

Տեսանյութեր

Լրահոս