Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «ԱրմՀայԹեք-2018» միջազգային ցուցահանդեսի բացմանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել ս.թ. մարտի 29-ից 31-ը անցկացվող՝ սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայԹեք-2018» երկրորդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, որի կապակցությամբ ելույթներով հանդես են եկել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:
Ցուցահանդեսի բացման առիթով կազմակերպված մշակութային ծրագիրը և հատուկ նշանակության ջոկատի ցուցադրությունը դիտելուց հետո Հանրապետության Նախագահը շրջել է ցուցահանդեսում: «ԱրմՀայԹեք-2018»-ը նպատակ ունի երկխոսության արդյունավետ հարթակ դառնալու մասնակից երկրների զինվորականների, գիտական և գործարար շրջանակների միջև: Կազմակերպիչների հավաստմամբ, ցուցահանդեսին իրենց տաղավարներով մասնակցում են ինչպես հայկական, այնպես էլ արտերկրյա կազմակերպություններ, այդ թվում՝ Ռուսաստանից, Հնդկաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Չինաստանից և այլ երկրներից: Հանրապետության Նախագահը ծանոթացել է սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների բնագավառում ինչպես հայկական կազմակերպությունների նվաճումներին, այնպես էլ արտերկրյա կազմակերպությունների արտադրատեսականուն:
«ԱրմՀայԹեք-2018» երկրորդ միջազգային ցուցահանդեսի շրջանակներում նախատեսված է նաև գիտագործնական ծրագիր, որին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ավելի քան 10 երկրների պատվիրակություններ և ՀԱՊԿ-ի պատվիրակությունը: