Բաժիններ՝

«2018 թ. մարզերում իրականացվող ներդրումները պետք է կազմեն շուրջ 400 միլիարդ դրամ». Դավիթ Լոքյան

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ կարևոր հանձնարարականներ տրվեցին նիստի ժամանակ:

«Շուրջ 2 ամիս տևած շրջագայության արդյունքում բոլոր մարզերի տարեկան ծրագրերը քննարկվել են, ուսումնասիրվել և զեկուցվել է 17 թ.-ի կատարողականը, դիտարկվել են այս տարվա կատարվելիք աշխատանքները, որոնք վերաբերելու են բազմաթիվ բնագավառներին: Առաջին և հիմնական խնդիրը՝ մեկ շնչին ընկնող սեփական եկամուտները պետք է բարձր լինեն 10 հազար դրամից»,- նշեց նախարարը՝ ընդգծելով, որ 2017 թ.-ին դա 8200 դրամ է կազմել, իսկ 2016 թվականին եղել է 7100 դրամ:

Նախարարն ասաց, որ քննարկվել է նաև, թե ինչ ներդրումներ են իրականացվել մարզերում: «2017 թ.-ին մեր մարզերում ներդրումային ծրագրերի արդյունքում մեկ շնչին բաժին ընկող ՀՆԱ-ն ավելացել է շուրջ 300 դոլարով: Սա շատ մեծ թիվ է, և մենք պետք է փորձենք այն պահպանել»,- նկատեց Լոքյանը:

Նախարարի խոսքով՝ ֆիքսվել է, որ 2018 թ.-ին մարզերում իրականացվող ներդրումները պետք է կազմեն շուրջ 400 միլիարդ դրամ. «3 ամսվա ցուցանիշներով՝ մեր համայնքները 1 միլիարդ 500 միլիոն դրամ ավելի են հավաքագրել՝ 2017 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ»։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք մարզպետների՞ն էր ուղղված վարչապետի հանձնարարությունը, որ բացթողումների դեպքում կադրային փոփոխությունների անցնեն։ Ի պատասխան՝ Լոքյանն ասաց, որ խոսքը մարզպետարանների վարչության պետերին էր վերաբերում.

«Մարզային այցելությունների ժամանակ ոչ միայն մարզպետին ենք լսել, այլև ոլորտների ղեկավարներին, վարչության պետերին, մի շարք մարզերում արձանագրել ենք, որ վարչության պետը մասնագիտական առումով չի բավարարում այն չափանիշերին, որ այսօր պահանջվում է, և մենք տեղում մարզպետին ենք ներկայացրել առաջարկություններ, որ փոփոխություններ լինեն առաջիկա ժամանակահատվածում՝ չխախտելով օրենքը, բայց գտնել այնպիսի լուծումներ, որպեսզի այնտեղ ունենանք մարդիկ, ովքեր այսօրվա իրականության համար կկարողանան ծանր բեռ տանել և մարզի խնդիրները լուծել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս