Բաժիններ՝

Աստրիդ Լինդգրենի հիշատակի մրցանակը շնորհվել է ամերիկացի գրող Ժակլին Վուդսոնին

Աստրիդ Լինդգրենի հիշատակի 2018 թվականի միջազգային գրական մրցանակը, որը հանձնվում է մանկական եւ պատանեկան գրականության զարգացման մեջ ունեցած ավանդի համար, շնորհվել է ամերիկացի գրող Ժակլին Վուդսոնին: Այդ մասին Ստոկհոլմում հայտնել է մրցանակի ժյուրիի նախագահ Բուել Վեստինը:

Մամուլի համար տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ Վուդսոնը պարգեւի է արժանացել ժամանակակից երիտասարդության խնդիրների նկարագրման իր յուրօրինակ ոճի ու լեզվի համար, ընդգծվում է, որ իր պատմվածքներում նա կարողանում է «գտնել առօրյա կյանքի բացառիկ պոետիկ երանգը, որում կա ե՛ւ տխրություն, ե՛ւ հույս»: Գրողը ծնվել է 1963 թվականին եւ ստեղծագործության տարիներին շուրջ երեք տասնյակ գիրք է գրել:

Առավել հայտնիներից մեկը Brown Girl Dreaming (2014 թ.) ինքնակենսագրությունն է: Այս տարի պարգեւի հավակնորդներ են դարձել 60 երկրների ընդհանուր առմամբ 235 մանկագիրներ, նկարազարդողներ եւ երեխաների հետ աշխատող կազմակերպություններ: Աստրիդ Լինդգրենի հիշատակի մրցանակը Շվեդիայի կառավարության կողմից հիմնվել է 2002 թվականին՝ հայտնի գրողի մահվանից հետո՝ նպատակ ունենալով աջակցել մանկական եւ պատանեկան գրականության զարգացմանը:

Պարգեւի հիմնումը դարձել է նաեւ Լինդգրենի ճանաչման ու նրա նկատմամբ խորը հարգանքի դրսեւորումը, որն այսօր էլ ամենասիրելի եւ ամենաընթերցվող գրողներից մեկն է մնում Շվեդիայում: Լինդգրենի գրքերը թարգմանված են աշխարհի ավելի քան 90 լեզուներով: ALMA մրցանակը հանձնվում է 2003 թվականից եւ խոշորագույններից մեկն է համարվում միջազգային այն պարգեւների թվում, որոնք հանձնվում են երեխաների ու դեռահասների համար ստեղծվող գրականության բնագավառում: Դրամական պարգեւի գումարը կազմում է 5 մլն շվեդական կրոն (460 հազար եվրո), հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս