Սեյրան Օհանյանը չի ուզում նույն գետը մտնել, բայց չի համակերպվում իր վիճակի հետ․ «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, չնայած ցանկություն չունի նորից նույն գետը մտնելու, այսինքն, ընդդիմադիր պայքարի դուրս գալու, բայց չի էլ համակերպվում իր պաշտոնաթող վիճակին: Դրա ապացույցն է նաեւ այն, որ առիթը բաց չի թողնում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին քննադատելու:

Մեր տեղեկություններով, նեղ շրջապատում Սեյրան Օհանյանը կարծիք է հայտնել, թե պաշտոնից հեռանալուց հետո ոչ մի բարեփոխում չի եղել համակարգում, պաշտպանության նախարարության այսօրվա բոլոր գործարքները կնքվել են իր պաշտոնավարման տարիներին:

Կադրային հարցերում էլ Օհանյանը մեծ վերապահումներ ունի, դժգոհ է, որ ապրիլյան պատերազմից հետո աշխատանքից հեռացված զինվորական պաշտոնյաներին նորից համակարգ են վերադարձրել: Նախկին նախարարը չի ընդունում նաեւ Ազգ-բանակ հայեցակարգը:

Սեյրան Օհանյանը հավանաբար «մոռացել» է, թե ապրիլյան պատերազմից հետո որքան բացթողումներ, չարաշահումներ ու խնդիրներ դուրս եկան ջրի երես, իսկ պաշտպանության նախարարն այդ ժամանակ, ի դեպ, հենց ինքն էր։ Այստեղ են ասել` սեփական աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի փուշն է տեսնում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս