Սիրիայում կշարունակեն գործել ապաէսկալացման չորս գոտիները
Սիրիայում կշարունակեն գործել ապաէսկալացման չորս գոտիները: Այդ մասին ասված է Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է մարտի 16-ին Աստանայում Սիրիայի շուրջ կայացած բանակցությունների արդյունքում:
«Կողմերը նշել են Սիրիայի Արաբական Հանրապետությունում ապաէսկալացման գոտիների ստեղծման մասին 2017 թվականի մայիսի 4-ի հուշագրի իրականացման ընթացքը եւ հաստատել դրա դրույթների կատարումը շարունակելու իրենց վճռականությունը ապաէսկալացման բոլոր չորս գոտիների նկատմամբ: Նաեւ նշել են, որ ոչ մի պարագայում ապաէսկալացման այդ գոտիների ստեղծումը չպետք է խախտի ՍԱՀ-ի ինքնիշխանությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը»,-ընդգծվում է համատեղ հայտարարության մեջ:
Սիրիայում հրադադարի երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը, Ջավադ Զարիֆը եւ Մեւլյութ Չավուշօղլուն մարտի 16-ին բանակցություններ են անցկացրել Աստանայում, որոնց ընթացքում ամփոփել են Աստանայի ձեւաչափով սիրիական խնդրի կարգավորման ուղղությամբ կատարված աշխատանքի արդյունքները:
Համատեղ հայտարարության մեջ ասված է, որ Սիրիայի իրադրության կարգավորման շուրջ բարձր մակարդակի հաջորդ միջազգային հանդիպումը տեղի կունենա 2018 թվականի մայիսի կեսին: «Որոշել են Սիրիայի շուրջ բարձր մակարդակի հաջորդ միջազգային հանդիպումն անցկացնել Աստանայում 2018 թվականի մայիսի կեսին»,-ասված է փաստաթղթում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: