«Երբեք չեմ ասել, որ կավարտեմ կարիերաս հունիսի 30-ին». Յուպ Հայնկես
Մամուլի ասուլիսի ժամանակ Յուպ Հայնկեսին խնդրել են մեկնաբանել այն շշուկները, որ իր փոխարինողը դառնալու է Թոմաս Տուխելը: «Բավարիայի» գլխավոր մարզչի պատասխանը շատ անսպասելի է եղել:
«Կարող եմ ասել, որ ոչինչ դեռ որոշված չէ: Իսկ ավելի կոնկրետ՝ ես երբեք չեմ ասել, որ կավարտեմ կարիերաս հունիսի 30-ին: Դուք ինձանից այդպիսի բան լսե՞լ եք: Ո՞չ: Դե տեսնո՞ւմ եք»,- Հայնկեսին է մեջբերում Kicker-ը:
Մրցաշրջանի ավարտից 9 տուր առաջ առաջատար «Բավարիան» մոտակա հետապնդողից առաջ է անցել 20 միավորով: Հայնկեսն ավարտել էր կարիերան 2013 թվականին, բայց 2017թ. հոկտեմբերի սկզբին համաձայնեց փոխարինել Կարլո Անչելոտիին: Որպես Հայնկեսի փոխարինող՝ «Բավարիան» դիտարկում է Թոմաս Տուխելին, Կրիստիան Շտրայխին, Յոահիմ Լյովին, Յուրգեն Կլոպին, Յուլիան Նագելսմանին և Նիկո Կովաչին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը