«Գործադիր իշխանությունում դռնփակ նիստեր անցկացնելը ժողովրդավարական տարր է». Դավիթ Հարությունյան

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հարցով դիմեց նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին. «Սահմանել եք, որ կառավարության նիստերը լինելու են դռնփակ: Ուզում եմ հասկանալ՝ դա ի՞նչ նպատակ է հետապնդում: Ի սեր Աստծո, մի ասեք, թե դա ժողովրդավարության կամ բանավեճ ապահովելու համար է: Նույն տրամաբանությամբ՝ ԱԺ նիստերը կարող ենք փակել: Դուք հանել եք Միջազգային բարեփոխման և ինտեգրման նախարարությունը, բայց, օրինակ, պահպանել եք Սփյուռքի նախարարությունը: Ի՞նչ տրամաբանությամբ են արվել այս փոփոխությունները, արդյոք այլևս միջազգային ինտեգրման և բարեփոխման կարիք չե՞նք տեսնում, բայց տեսնում ենք Սփյուռքի նախարարի կարի՞ք»:

Ի պատասխան՝ Դ. Հարությունյանն ասաց, որ էական տարբերություն կա օրենսդիր և գործադիր իշխանությունների միջև. «Օրենսդիր մարմինը երբեք չի գործում կոլեկտիվ պատասխանատվության սկզբունքով, ի տարբերություն գործադիր իշխանության: Դրանով է պայմանավորված դռնփակ նիստեր անցկացնելու առաջարկությունը: Գործադիր իշխանությունում դա ժողովրդավարական տարր է: Ընդհանրապես նախարարությունների ցանկը, կազմը միշտ քաղաքական նպատակահարմարության խնդիր է: Կան երկրներ, որոնք ունեն ընդամենը 7 նախարարություն, կան երկրներ, որ ունեն 60 նախարարություն: Սա յուրաքանչյուր դեպքում որոշում է կառավարությունը և ներկայացնում է ԱԺ»:

Նա նաև հավելեց, որ այսօր կառավարության նիստերը դարձել են ոչ այնքան բանավեճային, իսկ դռնփակ նիստերի դեպքում դրանք ավելի արդյունավետ են անցնում:

Տեսանյութեր

Լրահոս