Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Կիպրոսի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լեոնիդաս Մարկիդեսը (նստավայրը՝ Մոսկվա):
Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և ընդգծել, որ Հայաստանի և Կիպրոսի միջև ավանդաբար գոյություն ունեցող բարձր մակարդակի հարաբերությունների և երկու ժողովուրդների դարավոր, ջերմ բարեկամական կապերի պահպանման և ընդլայնման ուղղությամբ չպետք է դադարել աշխատել՝ օգտագործելով բոլոր հնարավորությունները: Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել հայ-կիպրական բարձր մակարդակի ակտիվ քաղաքական երկխոսության և սերտ շփումների մասին ինչպես երկկողմ միջպետական, այնպես էլ կուսակցական մակարդակով և միջազգային կառույցների շրջանակներում: Միջազգային հարթակներում համագործակցության համատեքստում Հանրապետության նախագահն անդրադարձել է ընթացիկ տարվա հոկտեմբերի 11-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին, նշելով, որ այդ կարևոր միջոցառմանը մասնակցելու նպատակով հրավեր է ուղարկել Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսին:
Նախագահը բարձր է գնահատել միջխորհրդարանական դիվանագիտության դերը երկու բարեկամ երկրների հարաբերություններում և գոհունակությամբ փաստել նաև օրենսդիր մարմինների միջև ձևավորված սերտ փոխգործակցությունը:
Երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության զարգացման տեսանկյունից կարևորվել է նաև 2017թ. նոյեմբերին Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ-կիպրական առևտրատնտեսական հարաբերությունների խորացման ուղղությամբ դեռևս անելիքներ կան, որպեսզի դրանք հասցվեն առկա քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին:
Դեսպան Լեոնիդաս Մարկիդեսը շնորհակալություն է հայտնել նախագահին հանդիպման և իր հավատարմագրերն ընդունելու համար, նշելով, որ հետաքրքիր զուգադիպությամբ այսօր նույն պահին բարեկամ Հայաստանի դեսպանն էլ իր հավատարմագրերն է հանձնում նախագահ Անաստասիադիսին: «Սա, իհարկե, զուգադիպություն է, բայց, կարծում եմ, կարևոր զուգադիպություն է, որ տեղի է ունենում շատ լավ բարեկամների միջև: Մեր երկրների միջև հարաբերություններն ավելի լավ լինել չէին կարող, բայց մենք, պարո՛ն Նախագահ, համաձայն եմ Ձեզ հետ, որ պետք է շարունակենք քայլեր ձեռնարկել, որպեսզի դրանք առաջ մղենք»,- ասել է Կիպրոսի դեսպանը:
Հանդիպմանը նախագահ Սարգսյանը և դեսպան Մարկիդեսը քննարկել են տարբեր ոլորտներում հայ-կիպրական հարաբերությունները և համագործակցությունը խորացնելու հնարավորություններն ու հեռանկարը: