Միջին աշխատավարձը 2017-ին՝ ըստ ոլորտների. չափերն ու աճը (գծապատկերներ)

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2017 թվականի դեկտեմբերին միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում կազմել է 250 029 դրամ։ Այդ թվում՝ պետական հատվածում միջին աշխատավարձը կազմել է 213 811 դրամ, ոչ պետական հատվածում՝ 292 207։

Սակայն դեկտեմբերյալ աշխատավարձը իրական պատկերը չի արտացոլում, քանի որ այս ամսին վճարվում են նաև պարգևավճարներ (13-րդ աշխատավարձ) և կանխավճարներ։ Այդ իսկ պատճառով՝ ստորև բերված գծապատկերները կազմելիս հիմնվել ենք ոչ թե 2017 թվականի դեկտեմբերի, այլ՝ հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի աշխատավարձերի տվյալների վրա։

Այսպես, 2017 թվականի հունվար-դեկտեմբերին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 195 074 դրամ։ Այդ թվում՝ պետական հատվածում միջին աշխատավարձը 164 368 դրամ է, մասնավոր հատվածում՝ 231 777 դրամ։

Ամենաբարձր աշխատավարձը (պետական և ոչ պետական հատվածների միջինը) տեղեկատվության և կապի ոլորտում է՝ մոտ 450 հազար դրամ։

Ֆինանսական և ապահովագրության ոլորտում միջին աշխատավարձը 422.2 հազար դրամ է։ Ընդ որում, պետական ֆինանսների ոլորտում այն շատ ավելի բարձր է և գերազանցում է բոլոր ոլորտներին՝ 668.7 հազար դրամ։

Հանքարդյունաբերության ոլորտում միջին աշխատավարձը 410.4 հազար դրամ է։

Ամենացածր աշխատավարձերը հետևյալ ոլորտներում են՝ մշակույթ, զվարճություններ և հանգիստ (114.7 հազար դրամ), գյուղատնտեսությունը (121.1 հազար դրամ), կրթություն (126 հազար դրամ)։

Իսկ ինչպե՞ս են փոխվել աշխատավարձերը՝ 2016 թվականի հունվար-դեկտեմբերի համեմատ։

Ընդհանուր առմամբ, միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 3.3%-ով։ Այդ թվում՝ պետական հատվածում աշխատավարձն աճել է 0.8%-ով, մասնավոր հատվածում՝ 4.1%-ով։

Ամենից շատ՝ 14.7%-ով, ավելացել է տեղեկատվության և կապի ոլորտի միջին աշխատավարձը։ Հանքագործական արդյունաբերության ոլորտում նույնպես միջին աշխատավարձը երկնիշ աճ է գրանցել՝ 12.6%։ Ինչպես տեսնում եք՝ աճերը գրանցվել են մասնավոր հատվածի հաշվին։

4 ոլորտներում միջին աշխատավարձը 2017 թվականին՝ 2016-ի համեմատ, նվազել է։ Ամենից շատ՝ 12.6%-ով, նվազել է ջրամատակարարման և կոյուղու ոլորտում աշխատողների միջին աշխատավարձը։

Տեսանյութեր

Լրահոս