Թուրքիան գնաց նոր պատեր ստեղծելու ճանապարհով. Շարմազանովը՝ հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգի դադարեցման մասին

Հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգի դադարեցման մասին հայտարարելով՝ հայկական կողմը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ կողմնակից է առանց նախապայմանների հարաբերությունների: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Ցյուրիխյան արձանագրությունների ոգին առանց նախապայմանների հարաբերությունների հաստատումն էր, երկու հարևան երկրների պատերի քանդումն էր և դիվանագիտական կապերի հաստատումը: Ափսոսանքով պետք է նշեմ, որ այս 9 տարիների ընթացքում Թուրքիան գնաց ոչ թե հարաբերությունները կարգավորելու ճանապարհով, գնաց ոչ թե ցյուրիխյան արձանագրությունները վավերացնելու ճանապարհով, այլ գնաց նոր պատեր ստեղծելու, նոր նախապայմաններ դնելու ճանապարհով»,- նշեց Շարմազանովը:

Նա հավելեց՝ այն ժամանակ, երբ ստորագրվում էին ցյուրիխյան արձանագրությունները, թուրքական կողմն ասում էր, որ իրենք ձգտելու են զորայի հասցնել խնդիրները, որ ունեն հարևանների հետ: «Այսօր մենք արձանագրում ենք, որ նրանք զրոյի են հասցրել հարևանների թիվը, որոնց հետ խնդիր չունեն»,- ասաց նա:

Շարմազանովը նշեց, որ հայ-թուրքական արձանագրությունները Հայաստանին հնարավորություն են տվել առանց նախապայմանների կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ՝ նպատակ ունենալով քանդել եվրոպական տարածաշրջանում վերջին քաղաքական պատը: «Սակայն միևնույն ժամանակ, ինչպես նշեց ՀՀ Նախագահը, մենք շահած ենք դուրս եկել: Երբ մենք այդ արձանագրությունները ստորագրեցինք, շատ գործընկերներ կարծում էին, որ հայկական կողմն է նախապայմաններ թելադրում, սակայն այս տարիները ցույց տվեցին, որ հայկական կողմը բացառապես հարաբերությունների հաստատման կողմնակից է, իսկ նախապայմաններ դնում է Թուրքիան, ինչը մեզ համար անընդունելի է: Առնվազն միջազգային հանրության համար հստակ է, որ գնդակը թուրքական կիսադաշտում է»,- շեշտեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Տեսանյութեր

Լրահոս