Արմեն Սարգսյանն ԱԺ-ում պատմեց, թե ինչպես է 1996թ. ՀՀ ԱԳՆ-ի վրիպակի պատճառով Հռոմի Պապից զավեշտալի նամակ ստացել
«Ես հավատում եմ, որ Դուք 2011 թվականի դեկտեմբերի 2-ին ձեր դիմումը գրել եք Միացյալ Թագավորության իշխանություններին»,- այսօր Ազգային ժողովում դիմելով ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին՝ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:
Ամեն դեպքում, պատգամավորը նկատեց, որ «Eurasia house international» կազմակերպությունը 2011-14 թվականներին հաշվետվություն է ներկայացրել, որտեղ որպես տնօրեն՝ նշված է Ա. Սարգսյանը, քաղաքացիությունն էլ՝ Մեծ Բրիտանիայի:
Ա. Սարգսյանը նախ՝ նշեց, որ «Eurasia house international»-ը 2002 թվականին է ստեղծվել, այն եղել է հիմնադրամ, որը նպատակ է ունեցել աջակցել հայ ուսանողներին: Նա պատմեց, որ այդ ծրագրով բազմաթիվ հայ ուսանողներ են Եվրոպայում սովորել, անգամ՝ երիտասարդներ «Ելք» դաշինքից: Նա նաև նշեց, որ 2012-ին հիմնադրամը փակվել է, որովհետև իրենք որոշել են իրենց բարեգործական աշխատանքը Հայաստանում կենտրոնացնել:
«2012-ից այդ կազմակերպությունը սառեցված կազմակերպություն է: Ամեն տարի հաշվապահներն աուդիտորական փաստաթուղթ են ներկայացրել, որ այդ բանկային հաշվի գումարը չի փոխվել, ու տնօրենները ստորագրել են: Այստեղի նշված քաղաքացիությունը փաստ չէ, որ տնօրենները քաղաքացի են եղել այդ ժամանակ: 2014 թվականին ես Բրիտանիայի քաղաքացի չեմ եղել, առաջին անգամը չէ, որ աշխատողը սխալ է թույլ տալիս:
Հայաստանում էլ են լինում նման բաներ, երբ մոռանում են ինչ-որ մեկի անունը հանել ինչ-որ փաստաթղթից: Օրինակ, իմ անունը 1996 թվականին մեր Արտաքին գործերի նախարարությունը ինձ հետ էր կանչել բոլոր դեսպանատներից՝ բացի Վատիկանից: Պարզվեց, որ դա դիվանագիտական մեծ կազուս է, որովհետև ես Պապից նամակ ստացա, որտեղ ասվում էր՝ «ինչքան լավ է, որ ՀՀ դեսպանը Վատիկանում՝ նաև իր ազատ ժամանակը Հայաստանում վարչապետ է»: Նախագահի հետ որոշեցինք, որ այդ կազուսը թողնենք ընդմիշտ, ու դա դարձավ պատմական երևույթ»,- պատմեց Ա. Սարգսյանը:
Ա. Միրզոյանը նաև հետաքրքրվեց, թե արդյոք նա գիտակցո՞ւմ է, որ դառնալով ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու՝ Ա. Սարգսյանը որոշակի քաղաքական պատասխանատություն է ստանձնում ՀՀԿ-ի նախկին բոլոր այն պատմությունների համար, որոնց համար հասարակությունը լուրջ վերապահումներ ունի: Ի պատասխան՝ Ա. Սարգսյանն ասաց, որ համաձայն չէ դրա հետ. «ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ առաջարկել են իմ թեկնածությունը, «Ծառուկյան» խմբակցությունն էլ աջակցելու է: Ես ընտրվելու եմ ԱԺ-ի կողմից և անկուսակցական եմ»: