«Որպեսզի պարոն Սարգսյանի թեկնածությունը քննարկվի և քվեարկվի, անհրաժեշտ են փաստաթղթերը, իսկ քարտուղարությունը փաստաթղթեր չունի». Արարատ Միրզոյան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ԱԺ-ում մեկնարկել են Արմեն Սարգսյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրվելու քննարկումները:
«Ելք խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ Մեծ Բրիտանիայի դեսպանատունը ներկայացրել է տեղեկանք, որ Մեծ Բրիտանիայում ինչ-որ ՍՊԸ-ի տնօրեն լինելու համար անհրաժեշտ է քաղաքացիություն, և 2012-14 թվականներին Արմեն Սարգսյանը եղել է տնօրեններից մեկը:
Նա «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին խնդրեց պարզաբանել հակասությունը:
Ա. Միրզոյանը նաև նկատեց, որ իրավաբանները բարձրացրեցին այդ հարցը, որ Սահմանադրության այն գլուխը, որի համաձայն՝ ԱԺ-ն պետք է նախագահ ընտրի, նախագահի ընտրությունից հետո է ուժի մեջ մտնելու:
Ի պատասխան՝ Վ. Բաղդասարյանը նախ ասաց, որ քարտուղարությունը կներկայացնի փաստաթղթերը. «Եթե դուք ինչ-որ ՍՊԸ-ների անուն եք հնչեցնում, որոնք չեք հիշում, ես այդպես թռուցիկ պատասխաններ չեմ կարող տալ, դուք կարող եք հարցում անել, ու ստանալ պատասխանը: Ձեր երկրորդ հարցի պատասխանը կտան սահմանադրագետները, եթե դա ձեզ չբավարարի, կարող եք դիմել Սահմանադրական դատարան»:
Ա. Միրզոյանն ասաց, որ այդ ՍՊԸ-ն «Eurasia house international»-ն է. «Զուտ ընթացակարգային, որպեսզի պարոն Սարգսյանի թեկնածությունը քննարկվի և քվեարկվի, անհրաժեշտ են փաստաթղթերը, իսկ քարտուղարությունը փաստաթղթեր չունի»:
Վ. Բաղդասարյանն ասաց, որ կանոնակարգով պահանջվող փաստաթղթերն իրենք մի քանի անգամ ստուգել են, եթե դրանից դուրս ինչ-որ փաստաթղթեր են հետաքրքիր, պատգամավորները կարող են հարցում անել: