ԵՄ-ն 24 մլն եվրո է հատկացրել Արևելյան Ուկրաինայի բնակիչներին հումանիտար օգնություն ցուցաբերելու համար
Եվրամիությունը 24 մլն եվրո է հատկացրել Արեւելյան Ուկրաինայի՝ հակամարտությունից տուժած բնակիչներին հումանիտար օգնություն ցուցաբերելու համար:
Այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) մամուլի ծառայությունը: «Եվրահանձնաժողովն այսօր հայտարարել է 24 մլն եվրոյի հումանիտար աջակցություն հատկացնելու մասին այն մարդկանց կարիքները հոգալու համար, որոնք հակամարտությունից տուժել են Ուկրաինայի արեւելքում»,-ասված է ԵՀ-ի հայտարարության մեջ:
Դրանում նշվում է, որ այդ միջոցները «կօգնեն բավարարել շփման գծի երկայնքով ամենախոցելի բնակչության հիմնական կարիքները, ներառյալ այն գոտիները, որոնք չեն վերահսկվում կառավարության կողմից»: ԵՀ-ն նշել է, որ ԵՄ-ն եւ հանրակցության անդամ երկրները Ուկրաինայի համար հումանիտար օգնության, երկրի վերականգնման ու զարգացման ամենախոշոր դոնորն են:
«Այսօրվա աջակցության հետ միասին Եվրամիությունն արդեն 677 մլն եվրո է տրամադրել 2014 թվականին հակամարտության սկսվելուց ի վեր»,-ասված է ԵՀ-ի հայտարարության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: