«Պատշաճ չէի համարի ո՛չ հերքել, ո՛չ հաստատել». Գագիկ Հարությունյանը՝ քաղբանտարկյալների մասին

Այսօր Ազգային ժողովում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանից հետաքրքրվեց՝ ՀՀ-ում քաղբանտարկյալներ կա՞ն, թե՞ ոչ:

Ի պատասխան՝ Գ. Հարությունյանն ասաց. «Պատշաճ չէի համարի ո՛չ հերքել, ո՛չ հաստատել: Որևէ նման գործի նյութերի ծանոթ չեմ եղել, մեզ մոտ քննարկվող որևէ դիմումով նման հարց չի քննարկվել: Մեզ մոտ ով դիմել է, հարցը քննել ենք՝ որպես սահմանադրական հարց»:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն էլ հայտարարեց, որ 1995-ից սկսած՝ Հայաստանում ավանդաբար կեղծվել են ընտրությունները, տեղի են ունեցել զանգվածային խախտումներ. «Ընտրությունների մեխանիզմի չկայացման, ժողովրդավարական ավանդույթների ձախողման, Հայաստանի հնարավոր պոտենցիալ զարգացման չարձանագրման մեջ Դուք Ձեզ՝ որպես ՍԴ նախագահ, մեղավոր համարո՞ւմ եք, թե՞ ոչ»:

Ի պատասխան՝ Գագիկ Հարությունյանն ասաց, որ համաձայն չէ Ա. Միրզոյանի գնահատականների հետ. «Ոչ, չեմ համարում, բնականաբար: Դուք այդ հարցադրումները կատարում եք միայն ձեր ձեռքի տակ եղած փաստերի հիման վրա, մենք գնահատում ենք իրավիճակն այն նյութերի հիման վրա, որոնք մեզ ներկայացվում են:

Կարդացեք նաև

Վերջին երկու համապետական ընտրությունների ժամանակ մեզ դիմում են՝ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները: Այդ քաղաքական ուժն ընտրատեղամասերում ունի շուրջ 2000 իրավասուբյեկտ, որոնք կոնկրետ դերակատարություն ունեն ընտրատեղամասերում:

Նրանք պետք է արձանագրություններ կազմեն, ստորագրեն, ծանոթանան, փաստական հիմքեր ստեղծեն և փաստական հիմքերով դիմեն ՍԴ: Ուսումնասիրում ենք արդյունքները՝ 1800-ից ավելի տեղամասերում այդ քաղաքական ուժի բոլոր իրավասուբյեկտներն ընտրատեղամասերում ստորագրել են արձանագրությունները՝ առանց հատուկ կարծիքի, առանց վերապահման: Քաղաքական ուժը մեզ ասում է՝ դուք ընտրության արդյունքները ճանաչեք անվավեր, ինչի՞ հիման վրա»:

Տեսանյութեր

Լրահոս