«Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնի կառուցումն ընթացի մեջ է
Երեւանի Աբովյան պուրակի մոտ «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոնի կառուցման շինարարական աշխատանքները դեռեւս ընթացքի մեջ են, իսկ թե այն իր դռները երբ կբացի այցելուների առջեւ, գրողի որդին` «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթեւոսյանը դժվարանում է պատասխանել: Կենտրոն-թանգարանը, ասում է, անմիջապես չի կարող գործել շինարարության ավարտից հետո, որովհետեւ դեռեւս ներքին հարդարման հսկայական ծավալի աշխատանք կա անելու:
«Էքսպոզիցիայի խնդիր գոյություն ունի, ինչը ժամանակ է պահանջում: Հասարակական վերահսկողություն է սահմանվել: Շինհրապարակում պարբերաբար հետեւում ենք գործերի ընթացքին, զրուցում ու կարծիքներ փոխանակում մասնագետների հետ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ մանրամասնեց Դ. Մաթեւոսյանը: Այն միտքը, որ թանգարանը այս տարվա ընթացքում կսկսի գործել, չափազանցված է համարում. «Մինչեւ իրավաբանական եւ կազմակերպչական հարցերը ի մի չբերվեն, ամպագորգոռ կհնչի ժամանակացույցի մասին խոսելը»: Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում հստակ նախանշված կլինի միայն շինարարական աշխատանքների ավարտը:
Ըստ նախագծի` կենտրոնը լինելու է եռահարկ: Շենքի նախնական հայեցակարգում միջավայրի ձեւավորման խնդիր էլ ունեն, որն այժմ համապատասխան մարմինների հետ քննարկման փուլում է: Մաթեւոսյանական միջավայրն ու մթնոլորտը լիարժեք ունենալու համար ծրագրվում է` կենտրոնի հարեւանությամբ գտնվող՝ փողոցի երկու կողմերում տարածված կանաչ գոտին դարձնել Լոռվա բնությանը համահունչ բուսաբանական այգի:
«Այգու գաղափարը կյանքի կոչելու համար միանշանակ ժամանակ ու ջանքեր է պահանջվելու: Բայց, եթե չանենք, անավարտ ու թերի կլինի «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային հայեցակարգի կիրարկումը: Այս մոդելով ուզում ենք հանրությանը հասցնել քաղաքակիրթ աշխարհում վաղուց ի վեր գոյություն ունեցող բոլորովին այլ գաղափարաբանություն: Մեր տեսլականում ամբողջացված ու համընդգրկուն պատկեր է կրում մշակութային կապիտալիզացիա, բրենդ կոչվածը: Կենտրոնի կառուցումը, ստեղծումն ու հետագա կենսագործունեությունը ասվածի առհավատչյաներից ու կետերից մեկն է լինելու»,- մանրամասնեց Դավիթ Մաթեւոսյանը:
Թանգարանն ունենալու է նաեւ կացարան-արվեստանոց, որտեղ կաշխատեն ու մշակութային գործունեություն կիրականացնեն Հայաստան եկած գրողներն ու արվեստագետները:
«Տերյան եւ Աբովյան փողոցները կապող անանուն մի փողոց կա, առաջարկել ենք կոչել Մաթեւոսյանի անունով: Նպատակն է` տարածքը դարձնել մաթեւոսյանական մի ամբողջություն` կենտրոնը, զբոսայգին, փողոցը»,- հավելեց նա: Ի դեպ, տեղեկացանք նաեւ, որ շուտով կիրականանա Հրանտ Մաթեւոսյանի անտիպ ստեղծագործությունների երկհատորյակի շնորհանդեսը: