Բաժիններ՝

«Անդրանիկ ջան, գոհ եղիր, որ իմ ներկայությունը ձեզ հնարավորություն է տալիս աշխատել»

«0038 հրամանն արդեն իրողություն է, 00 արդեն նշանակում է՝ խիստ գաղտնի, բայց այն դուրս է եկել Պաշտպանության նախարարության շրջանակներից, որի համար դատապարտվել են առնվազն 2 անձնավորություն՝ գնդապետ Արմեն Սարգսյանը և նրա վարչության աշխատակիցը»,- այսօր ԱԺ-ում 2008 թվականի Մարտի 1-2-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ հրավիրված լսումների ժամանակ հայտարարեց Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող Փաստահավաք խմբի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը:

Նա ասաց, որ 2010-ի մայիսի 10-ին նրանք կալանավորվել են, բայց ինքը չգիտի՝ ինչ հիմնավորմամբ. «Մի քանի ամիս նրանք անցկացրել են անազատության մեջ, ինչն ապացուցում է 0038 հրամանի գոյությունը, որը հրապարակվել էր: Որևէ մեկը չի հերքել այդ հրամանը: Նախաքննական մարմնի համար դա լուրջ ուսումնասիրելու խնդիր է: Դա թույլ է տվել ՊՆ-ին ներգրավել Մարտի 1-ին ոչ միայն՝ արտակարգ դրության ժամանակ, որի իրավունքը չունեին, նաև դրանից առաջ բանակն օգտագործվել է ներքաղաքական գործընթացների ժամանակ:

Կարծում եմ՝ դրանով ոչ միայն ավելացրել են ուժային բաղադրիչը՝ Ներքին զորքեր, Ազգային անվտանգություն, համազգեստներ ստացած ինչ-որ խմբեր, որը մեզ թույլ չտվեցին ստուգել:

Մենք հստակ տեղեկատվություն ունեինք, և Վահե Ստեփանյանին ես հենց մեքենայի մեջ տեղյակ եմ պահել այն մատյանի և մատյանում գրանցված այն գրառման տեղը, որի տեղեկատվությունը մենք ունեինք: Ամեն ինչ չէր, որ հնարավոր էր, որովհետև ես հասկանում էի, որ  Փաստահավաք խմբի սենյակն այնքան էլ անձեռնմխելի չէր, այն կարող էր լսվել և այնտեղի ինֆորմացիան տնօրինվեր: Պարզվեց, որ մինչև մենք հասանք տեղ՝ իրային պահեստի ղեկավարությունն անհետացել էր, միաժամանակ նաև անհետացել էր թիկունքի գնդի ղեկավարությունը»:

Նա նաև նշեց, որ իրենց բոլոր նյութերը պահվել են Փաստահավաք խմբի չհրկիզվող պահարանում. «Ըստ ընթացակարգի՝ մենք նյութերը թողել ենք չհրկիզվող պահարանում, նյութերը պարոն Վահե Ստեփանյանի կողմից հանձնվել է պարոն Նիկոյանին, բնականաբար, պարոն Նիկոյանն այդ ամբողջը պետք է փոխանցած լինի նախաքննության մարմնին: Առաջին զեկույցից հետո պարզ դարձավ, որ մեր  աշխատանքը շատ բարձր գնահատվեց այն առումով, որ հունիսի 6-ին նախագահի կողմից ստորագրվեց կարգադրություն Փաստահավաք խմբի աշխատանքները դադարեցնելու մասին: Ես այդ առումով մեր աշխատանքները բարձր եմ գնահատում:

Միաժամանակ գնահատում եմ իմ և տիկին Սաֆարյանի կատարած  աշխատանքը, որովհետև պարզ չդարձավ՝ իշխանական կոալիցիան ներկայացնող մյուս գործընկերներն ասելիք չունեի՞ն, այդ դեպքում իրենք ի՞նչ էին անում Փաստահավաք խմբում:

Բայց Ռոբերտ Ավագյանը, օղորմի իրեն, ինքը տարիքով մեզնից մեծ էր, ասաց՝ Անդրանիկ ջան, ես շատ չեմ կարող աշխատել, բայց գոհ եղիր, որ իմ ներկայությունը ձեզ  հնարավորություն է տալիս աշխատել: Ես իրականում գոհ եմ, որ իրենք իրենց ներկայությամբ հնարավորություն ընձեռեցին, որ մենք իրականացնենք մեր լիազորությունների գոնե այդ շրջանակը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս