Նռան օգտակար հատկությունները

1. Նռան կորիզներում պարունակվող յուղերը գերազանց կերպով վերականգնում են օրգանիզմի հորմոնալ հավասարակշռությունը: Այդ պատճառով էլ խորհուրդ է տրվում նռան կորիզներն ուտել հատկապես ցավոտ դաշտանի, գլխացավերի կամ դաշտանադադարի առաջացման ժամանակ:

2. Բնական ինսուլին է: Նռան պտուղներն այն քիչ մրգերից են, որոնք ոչ միայն թույլատրելի են, այլև անհրաժեշտ՝ շաքարախտով տառապող հիվանդների համար: Օրական 4 անգամ ընդամենը կես թեյի գդալ ուտելուց առաջ նռան հյութ օգտագործելով՝ կարելի է էականորեն նվազեցնել արյան մեջ շաքարի պարունակությունը:

3. Բարձրացնում է արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը: Դեռ հնուց նուռը հայտնի է՝ որպես սակավարյունության դեմ պայքարի հզոր միջոց: Սակավարյունությամբ տառապող մարդկանց համար բավական է ջրով բացած նռան հյութ խմել օրական 3 անգամ կես բաժակից՝ ուտելուց 30 րոպե առաջ, 2 ամսվա ընթացքում:

4. Ախտահանում է բերանն ու կոկորդը: Անգինայի, ֆարինգիտի, ինչպես նաև ստոմատիտի ժամանակ օգտակար է կոկորդն ու բերանի խոռոչը ողողել նռան կեղևի եփուկով կամ նռան հյութով: Այն լավ ցավազրկող է, բացի դրանից՝ օրգանական թթուները ոչնչացնում են վարակները:

Կարդացեք նաև

5. Նվազեցնում է արյան զարկերակային ճնշումը: Նռան հատիկներն իսկական գտածո են հիպերտոնիկների համար, քանի որ դրանք իջեցնում են արյան զարկերակային ճնշումը՝ օրգանիզմի վրա կողմնակի ազդեցություն չթողնելով: Իսկ պտուղների միջի միջնորմային թաղանթները կարելի է չորացնել ու ավելացնել թեյի մեջ: Այն օգնում է հանգստացնել նյարդային համակարգը, ազատվել տագնապի զգացումից ու կարգավորել քունը:

6. Հիանալի կոսմետիկ միջոց է: Թեթևակի բոված, մանրացրած, ձիթայուղով կամ սերուցքային կարագով պատրաստված նռան կեղևով դիմակը գերազանց միջոց է նրանց համար, ովքեր ունեն յուղոտ, խնդրահարույց մաշկ: Իսկ չորացրած կեղևի փոշիով կարելի է արդյունավետ կերպով բուժել այրվածքները, ճաքերն ու քերծվածքները:

7. Բուժում է բորբոքումը: Նռան կեղևի եփուկի թուրմն օգտակար է զանազան բորբոքային (երիկամների, լյարդի, ականջների ու աչքերի, հոդերի, գինեկոլոգիական օրգանների) հիվանդությունների ժամանակ: Այն պատրաստելու համար անհրաժեշտ է 2 թեյի գդալ մանրացված կեղևի վրա լցնել մեկ բաժակ տաք ջուր, ապա գոլորշու վրա եռացնել 30 րոպե, քամել և բացել եռման ջրով: Այս թուրմը պետք է օգտագործել ուտելուց կես ժամ առաջ, օրական 2-3 անգամ՝ 50 գրամից:

8. Դուրս է բերում ճառագայթումը: Ռադիոակտիվ իզոտոպների հետ աշխատող կամ ճառագայթման բարձր մակարդակ ունեցող տարածքներում ապրող մարդկանց օրական սննդի անփոխարինելի բաղադրիչն է նռան հյութը:

9. Հզոր հակաճիճվային միջոց է: Հասած նռան կեղևը պարունակում է պելտերին, իզոպելտերին և մեթիլիզոպելտերին ալկալոիդներ, որոնք օժտված են հզոր հակաճիճվային ազդեցությամբ: Ճիճուներից ազատվելու համար պետք է 40-50 գրամ մանրացված կեղևը թրմել 400 գրամ սառը ջրում 6 ժամ, ապա դանդաղ կրակի վրա եռացնել, մինչև մնա հեղուկի կեսը:

Մնացած եփուկը քամել ու փոքր չափաբաժիններով խմել մեկ ժամվա ընթացքում: Մեկ ժամ հետո խմել փորը թուլացնող որևէ պրեպարատ, իսկ 4-5 ժամ հետո հոգնա անել:

10. Միջոց փորլուծության դեմ: Նռան կեղևն ու պտուղներն օժտված են կպցնող հատկությամբ: Այդ պատճառով այն օգտագործում են փորլուծության, կոլիտի և էնտերոկոլիտի ժամանակ: Մեծահասակներին խորհուրդ է տրվում ուտելուց հետո օրական 3 անգամ մի պտղունց մանրացված նռան կեղև ընդունել, իսկ երեխաներին այդ նպատակով պետք է տալ թարմ քամված նռան հյութ՝ կիսով չափ ջրով բացած:

Ինֆեկցիոն դիարեայի դեպքում նռան կեղևի մեջ պարունակվող պոլիֆենոլներն արդյունավետորեն նվազեցնում են դիզենտերային ցուպիկի և այլ հարուցիչների աճը:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Տեսանյութեր

Լրահոս