Գիտնականները հիշողությունը բարելավելու դյուրին միջոց են գտել
ԱՄՆ-ի Բիրգամ Յանգի համալսարանի գիտնականները կապ են գտել վազքի եւ հիշողության բարելավման միջեւ: Այս թեմայով հետազոտությունը հրապարակված է Neuroscience հանդեսում։
Գիտնականների կարծիքով՝ վազքը նվազեցնում է խրոնիկական սթրեսի բացասական ազդեցությունը հիպոկամպի՝ գլխուղեղի այն մասի վրա, որը պատասխանատու է հիշողության համար:
Գիտնականները գիտափորձեր են կատարել մկների վրա: Կենդանիների մի խումբն անվակներ է օգտագործել չորսշաբաթյա ժամանակահատվածում (օրական միջին հաշվով վազելով հինգական կիլոմետր), մինչդեռ մկների մյուս խումբը վարել է սակավաշարժ ապրելակերպ: Յուրաքանչյուր խմբի կեսը ենթարկվել է սթրեսային իրավիճակների, ինչպիսիք են քայլքը բարձրացված հարթակով կամ լողը սառը ջրում:
Բոլոր կենդանիների մոտ ուսումնասիրել են հիշելու ունակությունը՝ ստիպելով անցնել լաբիրինթոսը: Պարզվել է, որ սթրես տարած մկները, որոնք ունեցել են ֆիզիկական ծանրաբեռնություն, խնդիրն ավելի լավ են հաղթահարում քան նրանք, որոնք վազքով չեն զբաղվել: Նույնպիսի առավելություն է արձանագրվել նաեւ ոչ ակտիվ մկների հանդեպ ակտիվ մկների մոտ, որոնք սթրեսի չեն ենթարկվել: