«Առաջիկա տարիներին մեր երկրում տարիքային կենսաթոշակառուների թիվն ավելանալու է»
2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում կենսաթոշակառուների թիվը կազմում է 455 հազար 609: Այս ցուցանիշը 2017 թվականի հունվարի 1-ի համեմատ նվազել է ավելի քանի 7 հազարով:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանի խոսքով՝ կենսաթոշակառուների ընդհանուր թվի նվազման միտումը պայմանավորված է հաշմանդամություն ունեցող անձանց թվաքանակի նվազմամբ: Փոխարենը, տարիքային կենսաթոշակառուների թիվն է ավելացել: 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ տարիքային կենսաթոշակառուների թիվը կազմել է 312 հազար 798: 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ այս ցուցանիշը կազմել է 307 հազար 68: Այսինքն` տարիքային կենսաթոշակառուների թիվն ավելացել է 5 հազար 730-ով:
«Ընդհանուր առմամբ, շարունակում է բարձր մնալ ժողովրդագրական իրավիճակի ճնշումը կենսաթոշակային ապահովության համակարգի վրա: 2018 թվականին կենսաթոշակային տարիքի են հասնում 1955 թվականի ծնվածները, ըստ եղած տվյալների՝ շուրջ 43 հազար անձ:
1960 թվականին ծնված անձանց թվաքանակը կազմելու է շուրջ 60 հազար: Առաջիկա տարիներին մեր երկրում տարիքային կենսաթոշակառուների թիվն ավելանալու է: Մեկ աշխատողին այս պահին բաժին է ընկնում 1.1 կենսաթոշակառու, ինչը վատ ցուցանիշ է»,- ասաց նա` ընդգծելով, որ առաջիկա 5 տարիներին հանրապետությունում կանխատեսվում է կենսաթոշակառուների թվի աճ շուրջ 10 տոկոսով: Խոսքը շուրջ 19 մլրդ լրացուցիչ դրամի մասին է: