Արմեն Սարգսյանը ներկայացրեց «Տետրիս» խաղի ստեղծման նախապատմությունը
ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը, ով նաև «Տետրիս» խաղի հիմնադիրներից է, ներկայացրեց ժամանակին մեծ տարածում գտած խաղի ստեղծման նախապատմությունը:
Լրագրողների հետ զրույցում Արմեն Սարգսյանը պատմեց, որ իրենք զբաղվում էին գիտահետազոտական աշխատանքով` մաթեմատիկական մոդելավորմամբ, որից հետո պարզվել է, որ մոդելը, որն իրենք մշակել են, կարելի է կիրառել տարբեր ոլորտներում:
«Մեկը, օրինակ, ռեալ ժամանակային մոդելավորումն է: Օրինակ պատկերացրեք, որ ուզում եք ջերմակայան կամ ատոմակայան կառուցել, և ցանկանում եք դա մոդելավորել: Չեռնոբիլի ողբերգությունը եղավ այն բանի արդյունքում, որ մարդկանց կրթում էին իրական համակարգի վրա: Դրանից հետո խնդիր դրվեց, որ համակարգչի վրա մոդելավորում լինի: Դրանից հետո պարզ դարձավ, որ դա կարելի է կիրառել նաև այլ ոլորտներում, օրինակ` կենսաբանության մեջ, հասարակական գիտություններում: Պարզվեց, որ դա կարելի է կիրառել նաև մեխանիկական թարգմանության մեջ»,- նշեց Սարգսյանը:
Նա հավելեց, որ որպես մոդելավորման պարզեցված տարբերակ սկսեցին ստեղծել «Տետրիս» կոչվող խաղը: Խաղի ստեղծման վրա աշխատել են Սերգեյ Ուտկինը, Վյաչեսլավ Ցոյը, Արա Շահազյանը և Արմեն Սարգսյանը: «Այնուհետև IBM և «Նինթենդո» ընկերությունները մեզանից գնեցին այդ խաղը, իսկ ընկերությունը, որին պատկանում է խաղի հեղինակային իրավունքը, կոչվում է «Արմենիկա»: Այդ ընկերությունը գրանցված է Դելավերում և ժամանակին մեծ հաջողություններ է ունեցել ԱՄՆ-ից մինչև Կորեա»,- ասաց Սարգսյանը: