«Նախկիններն» ակտիվանում են. կներգրավվեն Կարո Փայլանը և Սելին Դողանը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ երկու տարի առաջ Հայաստանում ձեւավորված «Հայ պառլամենտականների միջազգային ասոցիացիան» մտադիր է ակտիվ գործունեություն ծավալել։ Ասոցիացիան, որը կազմավորվել է երկու տարի առաջ, եւ նրա նպատակն է միավորել աշխարհի տարբեր երկրների խորհրդարաններում գործունեություն ծավալող հայերին, համալրվել է նոր անդամներով։
Նրանց շարքում են ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը, ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը։ Նրանց ապագա պլաններում է՝ ձեւավորել «կոորդինացնող խորհուրդ», որն էլ ավելի կընդլայնի ասոցիացիայի գործունեության տիրույթները, խորհրդում կընդգրկվեն նաեւ հայերի բարեկամ օրենսդիրներ, որոնք իրենց նպաստը կբերեն տվյալ տարածքի հայ համայնքին։
Արագած Ախոյանը մեզ հայտնեց, որ խորհրդում կընդգրկվեն աշխարհի տարբեր երկրների պառլամենտականներ, եւ ակտիվ երկխոսության ու համատեղ աշխատանքի արդյունքում հայանպաստ գործունեություն կիրականացվի։
Ախոյանը հայտնեց նաեւ, որ արդեն բանակցություններ են սկսվել Թուրքիայի, Վրաստանի, Քրդստանի, Իրանի, Սիրիայի, Լիբանանի եւ այլ երկրների մեր հայրենակիցների հետ, իսկ Կարո Փայլանը եւ Սելին Դողանը համաձայնություն են տվել։ Նշենք, որ ասոցիացիայի ղեկավարը 1996-ից գործող՝ ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորներին միավորող ակումբի նախագահ Վարդան Պետրոսյանն է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: