SDF-ի մարտիկները թուրքամետ զինյալներից ազատագրել են Աֆրինի Շեյխ Խորուզ գյուղը
«Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) մարտիկները ծանր մարտերից հետո թուրքամետ զինյալներից ազատագրել են սիրիական Աֆրինի շրջանի Շեյխ Խորուզ գյուղը: Այդ մասին հայտնել է SDF-ի մեդիակենտրոնը:
«Գյուղի ազատագրման գործողությունն սկսվել է փետրվարի 4-ին եւ ավարտվել փետրվարի 6-ի երեկոյան: Սպանվել են մեծ թվով զինյալներ, երկու հոգու գերի են վերցվել: Ոչնչացվել է մեծ քանակությամբ տեխնիկա, մեկ զրահափոխադրիչ մեր ձեռքն է անցել աշխատանքային վիճակում»,-հայտնել է մեդիակենտրոնը: SDF-ի հաղորդագրության համաձայն, նաեւ տանկերի ներսում հայտնաբերվել են թուրք զինվորականների փաստաթղթեր: Սպանվածների թիվը ճշտվում է:
Բացի այդ, SDF-ն տեսանյութ է հրապարակել մարտերի վայրից, որտեղ ցուցադրված են մի քանի այրվող տանկեր ու զրահափոխադրիչներ:
Մեդիակենտրոնի հաղորդագրության համաձայն, այժմ իրականացվում է ավելի վաղ SDF-ից զավթված գյուղի ծայրամասերը զինյալներից մաքրելու գործողություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: