«Չի կարելի գոյություն ունեցող հիմարությունն ընդօրինակել». Արմեն Գրիգորյանը՝ Դավիթ Հարությունյանին

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող, քաղաքագետ Արմեն Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, արձագանքելով ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի այն հայտարարությանը, թե ինքն ուսումնասիրել է դասական կառավարությունների գործունեության կարգը, և Միացյալ Թագավորությունն ունի «Նախարարների վարքագիծ», որտեղ, ըստ նախարարի՝ «սևով սպիտակի» վրա գրված է՝ կառավարության նիստերը պետք է անցկացվեն դռնփակ, առանց լուսաբանման՝ նախարարների անկեղծ ու անկաշկանդ քննարկումը կազմակերպելու համար, ասաց.

«Չի կարելի գոյություն ունեցող հիմարությունն ընդօրինակել, եթե կա ավելի թափանցիկ լինելու հնարավորություն, ապա պետք է դրանից օգտվել և թափանցիկ կառավարում իրականացնել»։

Քաղաքագետի խոսքով՝ այս ամենն արվում է մեկ մարդու՝ Սերժ Սարգսյանի համար, ով, ըստ նրա՝ հանրության հետ աշխատելու, ավելի թափանցիկ լինելու խնդիր ունի. «Սա հուշում է, որ վարչապետը հենց Սերժ Սարգսյանն է լինելու։ Ի դեպ, սահմանադրական փոփոխությունների ժամանակ, երբ անհանգստություն էի հայտնում, որ Սահմանադրությունը փոխվում է մեկ մարդու համար, իրականություն է դառնում։ Սահմանադրությունն ու օրենքներն ըստ անձերի են ձևավորվում։ Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց, թե իրեն նոր են նման առաջարկ արել, բայց ես կարծում եմ, որ Արմեն Սարգսյանն անկեղծ չի եղել։ Նախ 2013թ. սեպտեմբերին, երբ նա նշանակվեց դեսպան, և 2016թ. սահմանադրական փոփոխություններից հետո նախագահի կացության ցենզը 10 տարուց իջեցվեց 6 տարի, հենց Արմեն Սարգսյանի համար է դա արվել, որովհետև նա կացության խնդիր ուներ։ Այսինքն՝ ամեն մարդու համար, ըստ պահանջի՝ օրենքներ և Սահմանադրություն են ձևավորում»։

Նա նկատեց՝ նախկինում գոնե դե յուրե կառավարությունը տարանջատված էր, կար կառավարության ղեկավար, որն ուներ որոշակի լիազորություններ, որը, ըստ նրա՝ որոշակի զսպող մեխանիզմ էր, որպեսզի բալանս լինի.

«Սերժ Սարգսյանն այս ամենը հասկանալով է այդ բալանսը վերացնում։ Նա ամբողջ գործադիր իշխանությունը մեկ հոգու վերահսկողության տակ է բերում։ ԱԺ-ն մեծ հաշվով լիազորություններ չունի, այս նոր սահմանադրակարգն ու օրենքներն ավելի շատ գործադիր իշխանության ուժեղացմանը տանող օրենքներ են։ Սերժ Սարգսյանը երբեք օրենքներ չի բերի, որոնք կբալանսավորեն, եթե նման մտադրություն լիներ, ապա ուժային կառույցները կլինեին կառավարության վերահսկողության տակ, ոչ թե անմիջապես վարչապետի վերահսկողության տակ»։

Տեսանյութեր

Լրահոս