Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համաձայնագրի նախագծին
Կառավարությունը հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագրի նախագծին, որն արժանացել է ԵԱՏՄ անդամ պետությունների հավանությանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017թ. օգոստոսի 8-ի կարգադրությամբ:
Համաձայնագրի հիմնական նպատակը ԵԱՏՄ անդամ պետություններում կեղծված ապրանքների ապօրինի շրջանառության կանխումն ու կանխարգելումն է, նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ոլորտում համաձայնեցված, համակարգված քաղաքականության իրականացումն ու Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ապրանքների օրինական շրջանառության ապահովումը:
Համաձայնագրով որոշվում է հսկիչ նշաններով ապրանքների դրոշմավորման, տեղափոխման և իրացման կարգը։
Համաձայնագրի գործողությունը տարածվում է իրավաբանական անձանց և որպես անհատ ձեռնարկատերեր գրանցված ֆիզիկական անձանց վրա, ովքեր իրենց ձեռնարկատիրական գործունեության մեջ իրականացնում են այն ապրանքների արտադրությունը, շրջանառությունը և պահպանումը, որոնց առնչությամբ ընդունվել է պարտադիր դրոշմավորման որոշում:
Համաձայնագրով նվազագույնի են հասցվում նշված ապրանքների անօրինական ներկրման, արտահանման և արտադրության ռիսկերը, բարեխիղճ տնտեսվարողների համար ստեղծվում են արդար մրցակցություն ապահովելու արդյունավետ մեխանիզմներ, հստակեցվում է նաև կեղծված (նմանակված) ապրանքներից ԵԱՏՄ քաղաքացիների շահերի պաշտպանությանն ուղղված իրավական դաշտը:
Փաստաթղթով սահմանվում են փոփոխություններ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների արտադրության, ներմուծման, արտահանման, ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքով տարանցման ժամանակ գործող ընթացակարգերում: Նախատեսվում է նաև առցանց կամ համաժամանակյա տեղեկատվության փոխանակում անդամ պետությունների համապատասխան ծառայությունների միջև: