«Իմ երեխաները հպարտ հայեր են». Արմեն Սարգսյան
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հանդիպումը գիտնականների հետ: Հանդիպման մեկնարկից առաջ նա կարճ զրույց ունեցավ լրագրողների հետ, որը ներկայացնում ենք ստորև.
– Ձեր որոշման հետ կապված կողմնորոշվե՞լ եք։
– Որ կողմնորոշվեմ՝ ձեզ անպայման կասեմ։
– Ամուլսարի շահագործումը ձեր անվան հետ է կապվում…
– Ամուլսարի շահագործումն ինձ հետ բացարձակապես կապ չունի, կարող եք Google անել և տեսնել։
– Նոր Սահմանադրությամբ նախագահը լծակներ չունի, ձեր ինչի՞ն է պետք նախագահի պաշտոնը։
– Ներողություն, առաջարկում եմ՝ Սահմանադրությունը կարդաք։
– Դուք կարո՞ղ եք, օրինակ, երկրի տնտեսական կյանքը բարելավել, ի՞նչ լծակներ ունեք դա անելու համար։
– Խնդրում եմ՝ թույլ տվեք ինձ իմ հանդիպումները շարունակել, և, երբ ավարտեմ հանդիպումների ընթացքը, որոշումս կայացնեմ, դուք կլինեք առաջիններից մեկը, որ կիմանա դրա մասին։ Ես Հայաստանից չեմ գնացել, որ վերադառնամ։ Մնացած հարցերին կպատասխանեմ մի քանի օրից, երբ հանդիպումների ընթացքը կվերջացնեմ։
– Ձեր կինն ասել է, որ ձեր երեխաներն իրենց լավ են զգում Լոնդոնում և իրենց համարում են անգլիացի, ինչպե՞ս կարող են նրանք ապրել Հայաստանում։ Կարծում եք, որ նրանք կգան և կապրե՞ն Հայաստանում։
– Իմ երեխաները՝ երկու տղաները, և՛ Բրիտանիայի, և՛ Հայաստանի քաղաքացիներ են, հետևաբար՝ հավասարաչափ լինելով Բրիտանիայի քաղաքացի, պետք է զգան և ապրեն՝ որպես բրիտանացի, միաժամանակ, լինելով ՀՀ քաղաքացի, պետք է լինեն Հայաստանի քաղաքացի՝ դրանից հետևող բոլոր եզրակացություններով։ Իրենց ոգով, ինչպես իմ կինը ասել է, եթե Daily Mail-ի հոդվածը մանրամասն կարդաք անգլերենով, ապա կտեսնեք, որ այդպես չի հնչում։ Այո, կինս ասել է, որ իրենք իրենց բրիտանացի են զգում՝ Բրիտանիայում ապրելով, բայց հպարտ հայեր են։