«Արմեն Սարգսյանը նոր քաղաքակրթություն է բերելու». Մարգարիտ Եսայան
«Որպես պետական քաղաքական գործիչ՝ Արմեն Սարգսյանը նոր քաղաքակրթություն է բերելու, վստահաբար, որովհետև Բրիտանիայի նման երկրում որպես դեսպան աշխատելը հեշտ չէ։ Հաշվի առնելով նրա կապերը թագուհու, վարչապետի, բրիտանական էլիտայի հետ, պետք է օբյեկտիվորեն հասկանանք, որ ամեն մարդ չէ, որ կկարողանար այդպիսի պետությունում դեսպան աշխատել։
Այսինքն՝ նրա անձնական կապերն օգտագործվելու են՝ հանուն Հայաստանի Հանրապետության։ Եվ քաղաքական, քաղաքակրթական մշակույթ է փոխվելու, և իր կերպարով, իր կեցվածքով, մարդկանց հետ շփումներում մշակույթ է փոխվելու։ Մենք այս ընթացքում դրան ենք գնում, քիչ թե շատ պետական գործիչները հասկանում են, որ պետք է մշակույթ փոխվի։ Եվ ես կարծում եմ ՝ Արմեն Սարգսյանով այդ մշակույթը շատ ավելի տեսանելի կփոխվի»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ անդրադառնալով երեկ ՀՀԿ խմբակցության և ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվող Արմեն Սարգսյանի հանդիպմանը։
Ըստ նրա՝ Ա.Սարգսյանն ամբողջովին տիրապետում է ՀՀ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությանը, և գտնում է, որ Հայաստանի արտաքին քաղաքական գիծը՝ և՛ ԵԱՏՄ, և՛ ԵՄ, միանգամայն ճիշտ է ընտրված։ Մ.Եսայանի կարծիքով՝ Ա.Սարգսյանը «որևէ-մետ» չէ, այլ ժողովրդավարական, մարդու իրավունքների և համընդհանուր միջազգայնորեն ընդունված բոլոր նորմերի կրողն է, գտնում է, որ Հայաստանը, լինելով փոքրիկ պետություն, կկարողանա խելամտորեն օգտագործել եղած մեծ շուկան և կամուրջ լինել ԵԱՏՄ-ի և Եվրամիության հետ.
«Իր գործունեության ընթացքում նախագահին տրված լիազորությունների շրջանակներում նա պատրաստվում է այս գիծը զարգացնել։ Ինքը չի պատրաստվում լինել ձևական ֆիգուր և չի էլ կարող լինել՝ և՛ իր տեսակով, և՛ Սահմանադրության ընձեռած հնարավորություններով։ Բավականին սարթ մարդ է, ունի սեփական կարծիք, սեփական դիրքորոշում և տեսլական ՀՀ զարգացման, որը համընկնում է ՀՀ նախագահի և ՀՀԿ տեսլականին»։