Արմեն Սարգսյանը հավաստիացրել է, որ հետամուտ է լինելու ազգային փոքրամասնությունների խնդիրների լուծման հարցում
Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավորների հետ հանդիպմանը ՀՀԿ-ի նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը խոստացել է նախագահ ընտրվելու դեպքում հետամուտ լինել ազգային փոքրամասնությունների խնդիրների լուծմանը: Արմեն Սարգսյանի հետ ՀՀԿ պատգամավորների հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ պատգամավոր, Հայաստանի քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը:
«Հանդիպման ընթացքում ես հիշեցրեցի, որ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը միշտ ազգային փոքրամասնությունների կողքին է եղել և աջակցել է նրանց խնդիրները լուծելու հարցում: Ես պարոն Սարգսյանին հարցրեցի՝ արդյոք նա նախագահ ընտրվելու դեպքում հետամուտ է լինելու ազգային փոքրամասնությունների խնդիրների լուծմանը: Նա հավաստիացրեց, որ բոլոր հարցերում լինելու է ազգային փոքրամասնությունների կողքին»,- նշեց Կնյազ Հասանովը:
Լրագրողների հարցին, թե Արմեն Սարգսյանն ընդունե՞լ է նախագահի թեկնածու առաջադրվելու ՀՀԿ-ի առաջարկը, Կնյազ Հասանովը նշեց, որ այս պահին ոչինչ չի կարող ասել, սակայն հավելեց, որ իրեն գոհացնում է նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրումը: