Բաժիններ՝

Հայաստանի Հանրապետության և Արցախի բարձրաստիճան այրերը Եռաբլուրում հարգեցին զոհված հայորդիների հիշատակը

Հայոց բանակի կազմավորման 26-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բարձրագույն ղեկավարություններն այցելեցին Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: «Եռաբլուր» պանթեոն այցելեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Նրանք ծաղիկներ դրեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի շիրիմներին և Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ու զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Հունվարի 28-ը Հայկական բանակի կազմավորման օրն է, այն 26 տարեկան է: 1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին:

Հայոց բանակի օրվա առիթով «Եռաբլուր» պանթեոնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին հանձնվել են զոհված հերոսներին հետմահու շնորհված պետական բարձր պարգևները, ՀՀ նախագահական նստավայրում ևս տեղի կունենա հանդիսավոր արարողություն, իսկ երեկոյան նաև՝ տոնական համերգ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս