«Մտավախություն կա, որ կտուժեն միայն հասարակ քաղաքացիները, մնացածը ոնց ապրել են, այդպես էլ կապրեն՝ ծխելով, ուռելով, քթերը քաշելով». Սերգեյ Դանիելյան

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» նոր օրենսդրական նախագիծը, որը հանրության քննարկման առարկա է դարձել։

Բացի մի շարք արգելքներից՝ այն նախատեսում է նաև տուգանքներ, օրինակ՝ մեքենայում ծխելու համար սահմանված է 50 հազար դրամ տուգանք, տրանսպորտում, տաքսիում՝ 100 հազար դրամ, վերելակում, գրասենյակում, սրճարանում՝ 250 հազար դրամ։

Դերասան Սերգեյ Դանիելյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ դրական է գնահատում օրենքը, բայց մտավախություն ունի, որ այն միայն հասարակ քաղաքացիների վրա կտարածվի. «Քանի որ ոստիկանություն և իրավապահ մարմիններ չունենք, որոնք անաչառ բոլորին կտուգանեն, և բոլորի վրա օրենքը կտարածվի, դրա համար մտավախություն ունեմ։ Վերջերս էլ երկու ոստիկան մահացան, իսկ վթարի մասնակից երիտասարդին մի քանի անգամ ոստիկանները բռնել էին, չէ՞, բայց դա իշխանությանը ձայն բերող այն թերմացքն է, որն օրենքից դուրս է։

Հիմա, քանի որ այդ օրենքները չեն աշխատում մեզ մոտ, և բոլորն օրենքի առաջ հավասար չեն, դրա համար, իհարկե, մի փոքր մտավախություն կա, որ կտուժեն միայն հասարակ քաղաքացիները, մնացածը ոնց ապրել են, այդպես էլ կապրեն՝ ծխելով, ուռելով, քթերը քաշելով։ Չեմ կարծում, որ որևէ ոստիկան կարող է նախագահի ընտանիքից կամ վարչապետի մոտիկներից որևէ մեկին որևէ հարցով տուգանել»։

Ինչ վերաբերում է տուգանքների չափերին, ապա դերասանն ասաց, որ կարելի էր ավելի մեղմ մոտենալ. «Մի փոքր շատ է, սկզբից պետք է նկատողություն լինի, դա ներմուծվի համակարգիչ, կրկնվելու դեպքում մի փոքր տուգանք լինի, երրորդի դեպքում՝ ավելի շատ, չորրորդի դեպքում՝ թող նստեցնեն, այ քեզ բան։ Բայց միանգամից բարդ է, մարդը սովոր չէ։ Ինքս ծխող չեմ և ուրախ եմ, որ նման օրենք կլինի, որովհետև ես ոչ մի սրճարան, ոչ մի հանրային վայր հաճույքով չեմ կարողանում գնալ, քանի որ ծխում են։ Ընտանիքս էլ ծխող չէ, և ես լրիվ համաձայն եմ այդ օրենքի հետ, բայց իմանալով մեր իրականությունը՝ համոզված չեմ, որ այն նորմալ կաշխատի»։

Տեսանյութեր

Լրահոս