 
                        Հղիությունից հետո առաջացած խնդիրների պատճառով Սերենա Ուիլյամսը կորտ կվերադառնա միայն մարտին
 
                                    36-ամյա ամերիկուհին խնդիրներ ունի:
Աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը հրաժարվել է Australian Open-2018-ին մասնակցությունից՝ մարզավիճակի հետ կապված խնդիրների պատճառով:
Ամերիկուհին պլանավորում է կորտ վերադառնալ Ինդիան-Ուելսում կայանալիք BNP Paribas Open մրցաշարի շրջանակներում, որը տեղի է ունենալու մարտի 5-ից 18-ը: Այս մասին SRF-ին տված հարցազրույցում հաղորդել է սպորտսմենուհու մարզիչ Փաթրիք Մուրատօղլուն:
Սեպտեմբերին դստեր Ալեքսիս Օլիմպիային ծննդաբերելիս Ուիլյամսի մոտ խնդիրներ են առաջացել. փոքրիկի զարկերակային ճնշումն ընկել է, և բժիշկները արագորեն կատարել են կեսարյան հատում: Հաջորդ օրը Ալեքսիս Օհանյանի կինը շնչառության հետ կապված խնդիրներ է ունեցել. թոքերում ձևավորվել են թրոմբեր: Մշտական հազի պատճառով Սերենայի որովայնի կարերը պատռվել են և սկսվել է ծանր արյունահոսություն:
Ավելի վաղ Ուիլյամս-կրտսերը հաղթել էր Australian Open-2017-ը և հղիության պատճառով բաց էր թողել հաջորդող 11 ամիսները:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        