«Արզումանյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ որոշումը աննախադեպ չէ»
«Արզումանյանն ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, որով ներկայումս Դանիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանին ՀՀ-ն պետք է 2500 դոլար փոխհատուցի, աննախադեպ չէ: Նման տեսակետ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը` հիմնավորելով, որ վճռով հաստատվել է այն փաստը, որ կալանավորման պրակտիկան մեր երկրում կատարելագործման կարիք ունի:
«Դա որևէ մեկի համար անակնկալ չէր: ՄԻԵԴ-ը հաստատեց, որ կալանավորման ընթացքում չեն պահպանվել Կոնվենցիայի և օրենքի պահանջները, որովհետև չի հիմնավորվել կալանքի անհրաժեշտությունը»,- ասաց Գ.Կոստանյանը:
Նրա կարծիքով` վճռի կայացումը, երբ Արզումանյանն արդեն դեսպան է, նաև դրական նշանակություն ունի այն իմաստով, որ ՀՀ իշխանությունների համար որևէ նշանակություն չունի՝ ում իրավունքն է խախտվել՝ իշխանության մեջ գտնվո՞ղ, թե՞ չգտնվող անձի: