«Ես մտահոգություն ունեմ, որ մարդիկ շատ են մտածում այդ մասին». Գալուստ Սահակյան
ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը մտահոգված է գնաճի հետ կապված մարդկանց մտահոգությամբ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Գ.Սահակյանը:
«Ես մտահոգություն ունեմ, որ մարդիկ շատ են մտածում այդ մասին: Բայց նաև շատ լավ ճանաչում եմ մեր ժողովրդին և գիտեմ՝ նրա ցանկությունն ինչ է: Պարզապես ընդդիմությունը փորձում է իր տեսակետն առաջ տանել, ինչ-որ ձևով արտահայտում են»,- ասաց Գ.Սահակյանը` նշելով, որ իր կարծիքով՝ մարդիկ ուզում են, որ էժանություն լինի, լավ ապրեն, կարողանան խանութներից օգտվել:
Նրա պնդմամբ` իշխանությունից չէ, որ գնաճն ավելանում է, և, ըստ էության, ամբողջ աշխարհում էլ գնաճ կա, ՀՀ-ում անցած տարի գնաճը մոտ 5% էր, այս տարի` 2.5% է. «Առնվազն մեր ժողովրդի մի մասը շատ ծանր է ապրում, այդ 2.5%-ն էլ է մեծ բեռ, դրա համար խնդիրը հետևյալն է, որ ԱԺ-ն լսումներ է կազմակերպում, կառավարությունն էլ պետք է փորձի ինչ-որ ձևով լուծումներ տալ»:
Անդրադառնալով ագահության գործոնի մասին Սերժ Սարգսյանի դիտարկմանը` Գ.Սահակյանը նշեց, թե դա ժողովրդի ասած խոսքն է, բայց, բնականաբար, այդպես պետք չէ հասկանալ. «Ժողովուրդը պետք է զգա, որ այդտեղ պետությունը կապ չունի, բայց պետք է քայլեր անել, որ լուծվեն խնդիրները»:
Նախագահի թեկնածուի իր տեսլականը Գ.Սահակյանը չասաց. «Կքննարկենք, հետո կասեմ»:
Նրա կարծիքով` քաղաքականության մեջ անփոխարինելի պաշտոններ չկան. «Քաղաքականության մեջ երբևիցե Գալուստ Սահակյանն անփոխարինելի մարդ չի տեսնում»:
Գ.Սահակյանը վարչապետի թեկնածու «ինչ-որ մարդու» արդեն տեսնում է, բայց անուն չի հրապարակում. «Ես էն քաղաքական գործիչն եմ, որ, եթե որևէ խոսք ասում եմ, ուրեմն ինչ-որ քննարկումներ կան, որի արդյունքում ասում եմ իմ խոսքը»: