Բաժիններ՝

«Դա ԵՏՄ պահանջ է». Վահան Մարտիրոսյանը՝ աջ ղեկով մեքենաների արգելքի մասին

«Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն էր: Խոսելով աջ ղեկով մեքենաների ներկրման և գրանցման արգելքի մասին՝ նախարարն ասաց, որ այդ հարցն այսօր չի առաջացել, արդեն մի քանի ամիս է՝ խոսվում է այդ մասին. «Ընդհանուր պատահարների քանակը 3535 է, որից 336-ը՝ աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ. դա կազմում է 9.5%: Ընդհանուր վիրավորների քանակը 5165 է, որից 536-ը՝ աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ. դա կազմում է 10.3%»:

Նախարարն ասաց, որ 28 տոկոսով ավելի շատ է աջ ղեկով պատահարների քանակը, 39 տոկոսով՝ վիրավորների քանակը, ինչն, ըստ նրա շատ է. «Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ աջ ղեկով մեքենաների ներմուծումը վերջին տարվա ընթացքում կտրուկ աճ է ապահովել՝ տարբեր պատճառներով պայմանավորված, իսկ Հայաստանն ընդունել է աջակողմյան երթևեկության կանոններ, և հաշվի առնելով դա՝ պետք է պահպանենք ընդունված օրենքները: Աջակողմյան երթևեկություն նշանակում է, որ նախ և առաջ մեքենայի ղեկը պետք է լինի ձախ կողմից»:

Վահան Մարտիրոսյանը նաև նշեց, որ դա ԵՏՄ պահանջ է. «Պետք է առաջին հերթին կանոնակարգվի 8 և ավելի տեղանոց մեքենաների արգելքը և ընդհանրապես, աջ ղեկով մեքենաների արգելքը: Այսօր Բելառուսի և Ղազախստանի կողմից ընդունվել է այդ արգելքը, մյուս քայլը մենք անում ենք Հայաստանում: Ռուսաստանում նաև կան սահմանափակումներ՝ ավելի շատ արևելյան շրջաններում են գործում աջ ղեկով մեքենաներ, իսկ արևմտյան հատվածում՝ ավելի քիչ»:

Նախարարը վստահեցրեց՝ այս որոշումից ոչ մի աջ ղեկով մեքենայի սեփականատեր չի տուժի. «Այն մեքենաները, որոնք այսօր կան հայաստանյան շուկայում և այն սեփականատերերը, ովքեր ունեն այդ մեքենաները, ոչնչով չեն տուժում. նրանք կարող են ազատ վարել, վաճառել, հաշվառել, վերահաշվառել և ցանկացած գործողություն կատարել այդ մեքենաների հետ: Արգելքը վերաբերելու է 2018 թվականից հետո աջ ղեկով մեքենաների ներմուծմանն ու հաշվառմանը: Այսինքն՝ նոր մեքենաների հաշվառումը 2018 թվականի ապրիլի 1-ից արգելափակվելու է: Հին մեքենաները, որոնք այսօր կան շուկայում, ազատ կարող են հաշվառվել, վերահաշվառվել: Շուտով կներկայացնենք օրենքի նախագիծ, որ ապրիլի 1-ից արգելափակվի նաև ներմուծումը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս