«Ինձ համար իշխանությանը հեռացնելն ընդհանրապես պրոբլեմ չի». Նիկոլ Փաշինյան
«Ինձ համար իշխանությանը հեռացնելն ընդհանրապես պրոբլեմ չի, կա միայն մի պայման` ժողովուրդը պետք է ինձ, մեր թիմին տա վստահության մանդատ»,- այսօր ասուլիսում հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ հնարավոր չէ ցույց տալ իրենց գործունեության մեջ մի կետ, որ վստահություն չներշնչի:
Ըստ նրա` ՀՀ-ում այսօր ոչ քիչ «ֆեյքեր» կան, որ աշխատավարձ են ստանում և գործունեություն ծավալում, որ հանկարծ «Ելք» դաշինքին չհաջողվի երթ անել:
«Մեր հանրությունը հուսահատության փոսի մեջ է, և ընտրությունների արդյունքները դա են ցույց տալիս: Եթե մենք մեր քաղաքական գործունեության մեջ օգտագործում ենք որոշ սուր հարցադրումներ, ուզում ենք հանրությանն այդ հուսահատության վիճակից դուրս բերել»,- ասաց նա:
Ն.Փաշինյանի խոսքով` քաղաքական ուժը ոչ միայն հետևում է հանրային պահանջին, այլև հանրային պահանջ ձևավորելու գործառույթ ունի: Նա մերժեց «Ելքի» հանդեպ նման մեղադրանքները` նշելով, որ ընտրություններին իրենց մասնակցելը հենց հանրային պահանջ ձևավորելու նպատակ ուներ:
««Ելքը», սոցիոլոգիական հարցումների համաձայն, ամենամեծ վստահություն վայելող քաղաքական ուժն է»,- հավելեց Ն.Փաշինյանը: