«Որևէ քաղաքական գործիչ ի՞նչ իրավունք ունի մեղադրի ժողովրդին». Նիկոլ Փաշինյան
«Շաբաթվա գլխավոր իրադարձությունը հունվարի 19-ին սպասվող երթն է՝ «Ելք» դաշինքի կողմից կազմակերպված, և հույս ունենք, որ այդ երթը լուրջ քաղաքական հետևանքներ կունենա: Ուզում եմ ընդգծել, որ դա մեծապես կախված է ՀՀ քաղաքացիների մասնակցության մակարդակից: Ըստ էության` այսօր կամ վաղը ՀՀԿ մեծամասնությունը մի այսպիսի դիրքորոշում է որդեգրում, որ ՀՀ քաղաքացիներն ըմբռնումներով են վերաբերվում թանկացումներին և քարտ-բլանշ են տվել իշխանություններին այդ թանկացումներն իրականացնելու և միջոցառումներ չձեռնարկելու համար»,- այսօր ասուլիսում հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Թե երթն ինչո՞վ է նպաստելու գների իջեցմանը՝ հարցին, Ն.Փաշինյանը պատասխանեց, որ արձանագրված փաստ է, որ թանկացումները հետևանք են Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելուն, և թանկացումների հետագա ծավալումը կանխելու եղանակը ՀՕ-ի փոփոխելն ու հարկերը նախկին մակարդակի վրա թողնելն է. «Մենք ուզում ենք ցույց տալ, որ հանրությունը ոչ միայն խնդիր ունի այդ թանկացումների հետ, այլև դրանց հետագա կասեցնելը ձևակերպում է՝ որպես հետագա պահանջ»:
Ն.Փաշինյանի խոսքով` մարդիկ տներում դժգոհում են, բայց այդ պասիվ դժգոհությունը քաղաքական պահանջ չէ և լծակ չէ, որ իրենք մեծամասնությանը ստիպեն գնալ զիջումների, հետևաբար` այդ պահանջը պետք է ի ցույց դնել Երևանի փողոցներում:
Նա նշեց, որ, եթե հանրությունն իր դիրքորոշումը հստակ ցուցադրի այս հարցում` բազմահազար մարդիկ դուրս գան փողոց և պահանջեն կասեցնել թանկացումները, և այդ պայմաններում քաղաքական մեծամասնությունը համառի իրականացնել փոփոխություններ, դա կարող է փոխել ՀՀ քաղաքական օրակարգը:
Ն.Փաշինյանը նշեց, որ իրենք այսօր գործում են իրենց մանդատի շրջանակներում` ընտրությունների ժամանակ ստացված ձայներին համապատասխան, և, եթե այժմ քաղաքացին ավելի մեծ մանդատ տա, կիրականացնեն դա.
«Եթե առաջին հավաքից հետո արձանագրենք, որ դեռ տեղ ունենք հանրային ներգրավվածությունն այս հարցի շուրջ մեծացնելու, մենք կշարունակենք այդ տրամաբանությամբ: Մենք կարծում ենք, որ սա շատ լուրջ պրոբլեմ է, և շարունակաբար կպայքարենք: Ելք խմբակցությունն այն քաղաքական ուժն է, որ ունի և՛ մանդատ, և՛ իրավունք՝ բարոյական ու քաղաքական, ժողովրդին առաջնորդելու, եթե ժողովուրդը դա ցանկանա»:
Դիտարկմանը, որ Ն.Փաշինյանը ժամանակին դեմ է եղել մարդկանց փողոց դուրս բերելուն, խմբակցության ղեկավարը ճշտեց, որ ինքն ասել է, որ Երևանում զբոսանքների տանելու տրամաբանությանը դեմ է, և այժմ այնպիսի տրամաբանությամբ են կառուցում պրոցեսը, որ համապատասխանում է իրենց քննադատությանը.
«Քաղաքականության մեջ երաշխիքներ չեն կարող լինել, տվյալ դեպքում ես կարող եմ երաշխավորել, որ, եթե ՀՀ տասնյակ-հազարավոր քաղաքացիներ պահանջը պաշտպանեն, այդ փոփոխությունը ՀՕ-ում տեղի կունենա, քանի որ, հակառակ դեպքում ՀՀԿ-ի կողմից անտրամաբանական կլինի, քանի որ այդ պահանջն արհամարհելը կբերի քաղաքական փոփոխության»:
Ն.Փաշինյանը նկատեց, որ իրենք երթ դեռ չեն արել, բայց Սերժ Սարգսյանն արդեն հատուկ խորհրդաժողով է հրավիրել, լսումներ են արվելու: Այս արձագանքը, ըստ նրա, նշանակում է, որ այդ պարագայում ստիպված է լինելու գնալ փոփոխությունների:
Ն.Փաշինյանը նշեց, որ ժողովրդին մեղադրելու որևէ հարց չկա. «Քավ լիցի, որ ես մեղադրեմ ժողովրդին: Որևէ քաղաքական գործիչ ի՞նչ իրավունք ունի՝ մեղադրի ժողովրդին, բայց փոփոխություններին հավատացող քաղաքական գործչի պարտականությունն է՝ ճշմարտությունն ասել մարդկանց և դուրս բերել փակուղուց: Մենք ուզում ենք, որ ՀՀ քաղաքացին արձանագրի, որ ինքն է որոշիչ գործոնը Հայաստանում»: