«Դիմեք նրանց, ովքեր այդ հրաշալի մարզադաշտը կործանեցին». Ռուբեն Հայրապետյան
«ՀՖՖ-ն ամենօրյա աշխատանք ունի Արցախի ֆուտբոլի ֆեդերացիային հետ, մենք արդեն ինֆրաստրուկտուրաներ ենք ստեղծում Արցախում։ Մեր նպատակն է՝ ստեղծել Արցախի թեկուզ փոքր առաջնություն։ Գոնե 1-2 տարիքային խմբի առաջնություն ստեղծենք, դրանից հետո կերևան մեր հետագա քայլերը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը։
Լրագրողները Հայրապետյանից հետաքրքրվեցին «Հրազան» մարզադաշտի ճակատագրով, ինչին ի պատասխան՝ Հայրապետյանը հորդորեց այդ հարցով այլևս իրեն չդիմել. «Հրազդանի» ճակատագրի մասին ինձ մի դիմեք, արդեն հոգնել եմ։ Այդ հարցով դիմեք այլ մարդկանց։ Դիմեք նրանց, ովքեր այդ հրաշալի մարզադաշտը կործանեցին»։
Հարցին, թե ինչպես է վերաբերվում այն փաստին, որ Հայաստանի մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիան լավագույն մարզիկների տասնյակում չէր նշել Հենրիխ Մխիթարյանի անունը, նա պատասխանեց, որ նորմալ է վերաբերվում. «Այդ լրագրողները թող իրենց խղճի, մտքի, գլխի, աչքերի առաջ պատասխան տան։ Այդ մարդիկ պատվեր կատարող են, ես ոչինչ չունեմ ասելու։ Ինչ վերաբերում է նրան, թե Հենրիխ Մխիթարյանը արժանի էր տասնակում լինելու, թե ոչ, ես ավելի արժանիին էլ չեմ տեսնում։ Իհարկե, բոլոր այն մարզիկները, ովքեր միջազգային ասպարեզներում Հայաստանի դրոշը բարձրացնում են, նրանք բոլորն էլ արժանի են, և ես նրանց առաջ գլուխ եմ խոնարհում»։