«Եթե միայն ձախակողմյան ղեկով մեքենաներ պետք է լինեն, ուրեմն՝ այդպես պետք է լինի». Կարեն Քոչարյան

«Ինքս աջ ղեկով մեքենա երբեք չեմ ունեցել, բայց հենց այդ օրենքի մասին լսեցի, ասացի՝ եթե հանկարծ արգելեն շահագործելը, վաճառքը, դա մի բան է, իսկ ներմուծումը՝ այլ։ Հիմա օրենքը վերավաճառքը չի արգելում, և ինձ համար դա ընդունելի է»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով աջ ղեկով մեքենաների ներմուծման և գրանցման արգելքին՝ այս մասին ասաց քաղաքական վերլուծաբան Կարեն Քոչարյանը:

«Աշխարհի բոլոր երկրներում եթե աջակողմյան է, ուրեմն՝ աջակողմյան պետք է լինի, եթե ձախակողմյան է, ուրեմն՝ ձախակողմյան։ Պարզապես ես ասում էի՝ եթե թույլ եք տվել, որ այդքան մարդ ներմուծի, վերցրել եք մաքսատուրք, տեխսպասարկման վճար և այլն, ուրեմն՝ դուք այդ մարդկանց թալանում եք, եթե շահագործումն արգելեք, բայց ներմուծումն արգելելուն ես կողմ եմ։ Պետք է պարզապես թողնեն, որ մինչև այժմ ներմուծված մեքենաներն իրենց մահով մահանան մի 10-15 տարի հետո»,- նկատեց Քոչարյանը։

Նրա խոսքով՝ օրենքը պետք է բոլորի համար գործի.

«Եթե չի կարելի անասուն լինել, ինչպես Ճըվ-ճըվ Արոյի տղերքն են, ուրեմն՝ չի կարելի անասուն լինել, դա բոլորին է վերաբերում։ Պետք է բոլորը հավասար լինեն, բայց Հայաստանում ամեն առումով բարդակ է։ Եթե օրենք է, որ այստեղ չի կարելի ծխել, ուրեմն՝ չի կարելի ծխել։ Եթե միայն ձախակողմյան ղեկով մեքենաներ պետք է լինեն, ուրեմն՝ այդպես պետք է լինի, չի կարող կեսն աջակողմյան լինել, կեսը՝ ձախակողմյան, կեսն էլ՝ մեջտեղից՝ Menu.am-ի նման։ Ես կողմ եմ միայն, որ արգելեն ներմուծումը, ուրիշ բան անել չի կարելի։ Եթե արգելեն աջ ղեկով մեքենաների շահագործումը, ես կհայտարարեմ, որ նախարարը ղեկն աջից ձախ փոխելու գործ է դրել»։

Տեսանյութեր

Լրահոս