«Գլխավոր մարտահրավերը կլինի ապակայունացումը». Ստեփան Գրիգորյան

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ այս տարի մարտահրավերները շատ են, իսկ գլխավորը կա ու կմնա Ղարաբաղի հիմնախնդիրը։

«Հիմա համեմատաբար ավելի հանդարտ է վիճակը շփման գծում, ու պարզ է, որ դա այդպես է, քանի որ ինչ-որ սպասելիքներ ունի Ադրբեջանը։ Այդ սպասելիքները չեն արդարանա, քանի որ նրանք սպասում են միակողմանի զիջումների։ Դրանք չեն արդարանա, և պարզ է, որ նրանք կփորձեն նորից ճնշումներով ինչ-որ հարցեր լուծել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը։

Ս. Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանի ներքին մարտահրավերը կոչվում է կոռուպցիա. «Եթե հետևողական պայքար չգնա կոռուպցիայի դեմ, ուրեմն ԵՄ-ի հետ պայմանագիրը ռեալ չի աշխատելու, քանի որ դրա գլխավոր կետերից մեկը հենց կոռուպցիայի դեմ պայքարն է, որը կբացի Հայաստանի համար և՛ ներդրումների հնարավորությունը, և՛ վիզաների ազատականացումը, և այլն։ Եթե կոռուպցիայի խնդիրը չլուծվի, կամ գոնե այդ ճանապարհով չգնանք, պարզ է, որ այդ մարտահրավերը շատ լուրջ կլինի։ Մյուս մարտահրավերն ակնհայտ է. քանի որ անցում ենք կատարել պառլամենտական համակարգի, թեև ես ասել եմ և այսօր էլ պնդում եմ, որ պառլամենտական համակարգը ՀՀ-ի համար չի, բայց մենք անցնում ենք դրան, այն իր հետ կբերի ապակայունացում և շատ ու շատ խնդիրներ, և այստեղ էլ պետք է պատրաստ լինենք: Պնդում եմ՝ անցումը պառլամենտական համակարգի ՀՀ-ի համար ամենալավ տարբերակը չի, և գլխավոր մարտահրավերը կլինի ապակայունացումը, կլինի ներքին քաղաքականության անկայունացում»։

Տեսանյութեր

Լրահոս