Արթուր Ալեքսանյանն անընդունելի է համարում տարվա լավագույն 10 մարզիկների ընտրության կարգը
Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն անընդունելի է համարում մարզիկների լավագույն տասնյակի ընտրության կարգը:
«Նախ շնորհակալ եմ ինձ համար քվեարկողներին և շնորհավորում եմ բոլոր մարզիկներին: Արժանի մարզիկներ կային, ովքեր չէին մտել այս 10 լավագույնների մեջ, աշխարհի առաջնության մրցանակակիրներ կային, օլիմպիական մրցանակակիր ծանրամարտիկ ունեինք, ով չկար 10 լավագույն մարզիկների շարքում: Իմ կարծիքով, մեղավորը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն է: Եվ եթե փոխնախարարն ասում է, որ թափանցիկ և արդար քվեարկություն էր, ես չեմ համաձայնվի նրա հետ, որովհետև կան մարզիկներ, ովքեր դուրս են մնացել: 10 լավագույն մարզիկի ընտրության կարգը սխալ է: Աշխարհի առաջնության մրցանակակիրը ինչպե՞ս կարող է չհայտնվել 10 լավագույն մարզիկների շարքում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ալեքսանյանը: