««Տարոն-Ավիան» կշարունակի չվերթեր իրականացնել՝ գարնան ամիսներից սկսած». Սերգեյ Ավետիսյան

ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ «Տարոն-Ավիայի» հայտարարած թռիչքների դադարին և նշեց, որ ըստ պաշտոնական տեղեկատվության՝ ավիաընկերությունը շարունակելու է չվերթեր իրականացնել՝ գարնան ամիսներից սկսած։

««Տարոն-Ավիան» այս տարվա գարնանը մուտք գործեց Հայաստանի ավիացիոն շուկա, մասնավորապես՝ թռիչքներ սկսեց իրականացնել Գյումրու «Շիրակ» օդանավակայանից, այնուհետև տեղափոխվեց Երևան, և ներկայումս իրականացնում է չվերթեր և՛ Երևանից, և՛ Շիրակից։ Այս պահի դրությամբ մենք ունենք Գյումրու «Շիրակ» օդանավակայանի մասով թռիչքների կասեցում՝ կապված հունվար և փետրվար ամիսների ցածր պահանջարկի հետ։ Սա կոմերցիոն սկզբունքների վրա հիմնված որոշում է, որն ընդունելի է, և այս պրակտիկան կա ամեն ավիաընկերության մոտ, քանի որ դատարկ օդանավ տեղափոխել Ա կետից Բ կետ, կարծում եմ՝ ոչ ոքի համար տրամաբանական չէ»,- ասաց նա։

Ավետիսյանը նշեց, որ Գյումրու օդանավակայանից թռիչքներ իրականացնող «Պոբեդա» ավիաընկերությունն այս տարի սկսեց չվերթեր իրականացնել շաբաթական 3 անգամ հաճախականությամբ, այնուհետև, աշնան ամիսներից անցավ ամենօրյա ռեժիմի. «Հաջորդ տարի Գյումրիում ունենալու ենք  ուղևորահոսքի և աշխարհագրության ընդլայնում։ «Շիրակ» օդանավակայանն ունի շատ մեծ հնարավորություններ, և ուղևորահոսքի ավելացումը կարող է լինել կտրուկ»։

Դիտարկմանը՝ թե «Պոբեդայի» կողմից ամենօրյա ռեժիմով թռիչքներ իրականացնելը մրցակցությունից դուրս չի՞ թողնում հայկական ավիաընկերությանը, նա արձագանքեց. «Յուրաքանչյուր ավիաընկերություն կարող է անգամ օրական 7 անգամ թռիչք իրականացնել։ Մեր խնդիրն այս պահին Գյումրիի օդանավակայանի ակտիվացումն ու աշխուժացումն է, և Գյումրի քաղաք հնարավորինս հյուրերի շատ քանակ ընդունելն ու մեր քաղաքացիների համար հնարավորությունների ավելացումը՝ չվերթերի քանակի, տոմսերի գների, աշխարհագրության և այլ իմաստներով։ Ավիացիոն աշխարհում հունվար և փետրվար ամիսները մեր երկրի համար ամենացածր սեզոնն են, և մշտապես ավիաընկերություններն ունենում են բեռնվածության խնդիր։ «Տարոն-Ավիայի» որոշումը՝ չեղարկել չվերթերն այս երկու ամսվա ընթացքում, պայմանավորված է դրանով։ Թե ինչ է լինելու «Տարոն-Ավիայի» հետ հետագայում, ես կարող եմ ասել այն պաշտոնական տեղեկատվությունը, որ մենք ունենք ընկերությունից՝ նա շարունակելու է չվերթեր իրականացնել գարնան ամիսներից սկսած»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս