«ԱՄՆ-ի ֆինանսական աջակցությունը Հայաստանին գուցե և զրոյանա». Սուրեն Սարգսյան
ՄԱԿ-ում ձայների ճնշող մեծամասնության քվեարկությունը Երուսաղեմի «չճանաչման» վերաբերյալ Թուրքիայի համահեղինակած բանաձևի օգտին վերլուծաբանները որակում են՝ որպես ԱՄՆ-ի ջախջախում: ԱՄՆ-ը խոստացել է համապատասխան հետևություններ անել և «պատժել» կողմ քվեարկողներին՝ օգնությունը կտրելով։ Բանաձևին կողմ քվեարկողների թվում է նաև Հայաստանը:
ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում չբացառեց, որ հաջորդ տարի ոչ միայն Հայաստանի, այլ նաև մի շարք պետություններին տրամադրվող օգնության ծավալներն ու չափերը վերանայվեն, այդ թվում` կարող են կրճատվել ՄԱԿ-ի անդամավճարները:
«Ամեն տարի ԱՄՆ-ից Հայաստանն օգնություն է ստանում, արտաքին ֆինանսավորման ծրագրերի ծավալը տարբեր տարիների մինչև 80-90 մլն դոլար է կազմել, և միգուցե դառնա 0: Չնայած վերջին տարիներին նվազման միտում կա, այս պահի դրությամբ 2018-ի բյուջեով նախատեսված է 6.8 մլն դոլար»,- ասաց Ս.Սարգսյանը` հավելելով, որ դրա կրճատումը որոշակի ազդեցություն կունենա, հատկապես` այն ծրագրերի մասով, որոնց քաղհասարակությունն է առնչվում:
ՄԱԿ-ում, հիշեցնենք, բանաձևին կողմ էին քվեարկել նաև ՌԴ-ն, ԵՄ անդամ գրեթե բոլոր երկրները և այլք։ Դեմ են քվեարկել ԱՄՆ-ը, Իսրայելը, Հոնդուրասը, Տոգոն և այլք։ Ձեռնպահ են եղել Ռումինիան, Լատվիան, Լեհաստանը և այլք։
Քվեարկությանը չեն մասնակցել Վրաստանը, Ուկրաինան, Մոնղոլիան, Թուրքմենստանը և այլք։